Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերեւից ռեկամենդացիան» ավանդույթ է

Քաղաքականություն
melkumyan

ԱԺ-ում շարունակվում է ՄԻՊ-ի պաշտոնում Արման Թաթոյանի թեկնածության շուրջ քննարկումը։ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ կողմ չի քվեարկելու, քանի որ չի հավատում, որ մեզանում կա քաղաքական այն մշակույթը, որը հնարավորություն կտա կայացնել ՄԻՊ-ի ինստիտուտը. «Եթե մեր երկրի քաղաքական մշակույթը լիներ նորմալ, ես կհավատայի, որ Դուք հաջողելու եք Ձեր առաքելության մեջ։ Օմբուդսմենի ինստիտուտը չի կայանում, քանի որ քաղաքական մշակույթը այնքան այլասերված է, որ երբ ՄԻՊ զեկույցում լինում է մի հատված, որը սատարում է պետական այս կամ այն ինստիտուտին, ընդդիմությունն անմիջապես որակում է նրան որպես իշխանության դրածո, իսկ եթե քննադատության է ենթարկվում որեւէ պետական կառույց, այդտեղից են անմիջապես հարձակվում»,-ասաց Զոհրաբյանը՝ հարցնելով Թաթոյանին, թե արդյոք կարո՞ղ է նա դիմակայել երկու կողմերի հարվածներին։ «Ձեզ վերեւներից ռեկամենդացիա են տալու, փորձելու են ուղղորդել»։ Արման Թաթոյանին ասաց Միքայել Մելքումյանը։ «Իշխանությունները երկու ճանապարհ ունեին՝ մեկը ժողովրդական տրիբուն ներկայացնելով, անուններ չեմ ուզում տալ, եւ, իհարկե, խոր գիտելիքներ ունեցող պաշտոնյայի ներկայացնելով։ Պետական պաշտոնյան միշտ ասոցացվում է իշխանության հետ, բայց իշխանությունը շահագրգռված պետք է լինի ստեղծել պայմաններ , որպեսզի ժողովրդի մեջ Դուք ձեռք բերեք այն անկախությունը, որը հարիր կլինի օմբուդսմենին»,-հայտարարեց նա։ Ըստ Մելքումյանի՝ «վերեւից ռեկամենդացիան» ավանդույթ է։ «Դուք գերբնական ուժեղ չեք, որպեսզի կարողանաք դիմակայել եւ մաքսիմալ սկզբունքայնություն ցուցաբերել»։