Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հացադուլ հայտարարած ազատամարտիկը բողոքում է ցավերից

Քաղաքականություն
S3200016

«Մեծն Տիգրան» գնդի հետախուզական վաշտի անդամ Աղասի Մարտիրոսյանը բողոքում է ողնաշարի, ստամոքսի եւ գլխի ցավերից: Պաշտպան Լիանա Բալյանը այսօր է տեսակցել նրան, ասում է՝ 7 օր հացադուլի մեջ գտնվող իր պաշտպանյալը շատ թույլ է զգում: Ազատամարտիկ Աղասի Մարտիրոսյանը կալանավորվել է Նորք Մարաշում նոյեմբերի 25-ին վնասազերծված Արթուր Վարդանյանի ղեկավարած հանցավոր խմբի գործով: Իսկ փետրվարի 15-ից անժամկետ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով չոտնահարել իր իրավունքներն ու դադարեցնել անօրինական նախաքննությունը: «Ի՞նչ կապ ունեմ քրեական գործի հետ, թող պատասխան տան, երբ հիմնավոր պատասխանը կստանամ, ես կդադարեցնեմ հացադուլը»,- պաշտպանին փոխանցել է Աղասի Մարտիրոսյանը: Նա նաեւ նշել է, որ թեեւ 7 օր է հացադուլի մեջ է, բայց ոչ մի բժիշկ չի մոտեցել իրեն եւ ճնշում էլ չեն չափել: Արդարադատության նախարարության  Քրեակատարողական հիմնարկների վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը, սակայն, «Ա1+»-ին հայտնեց, որ Աղասի Մարտիրոսյանը գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ, վիճակն է գնահատվում է բավարար: Հիշեցնենք, որ առաջին եւ վերաքննիչ դատարանները արդեն երկրորդ անգամ բավարարել են նախաքննական մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: «Փետրվարի 5-ին, եթե երկարացրին կալանքի ժամկետը ու քննիչը պատճառաբանեց, որ դեռ գործողություններ ունի անելու, ապա արդեն 17-րդ օրն է, քննիչը ոչ մի գործողություն չի կատարել»,- փոխանցեց պաշտպանը: Չնայած Աղասի Մարտիրոսյանի դիմումին՝ իրեն տեղափոխել հացադուլավորների խուց, նա նույն խցում է այլ կալանավորների հետ, որոնք սնվում են. սա պաշտպանը որակում է որպես խոշտանգում։ Ի դեպ, ձերբակալությունից երկու օր առաջ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից շքանշանով պարգեւատրված Աղասի Մարտիրոսյանը դիմել է նաեւ ՄԻ պաշտպանի գրասենյակ, սակայն ոչ-ոք չի այցելել նրան: