Արամ Մանուկյանը կզանգի Արման Թաթոյանին ու կհամագործակցի (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր Մարդու իրավունքների պաշտոնում Արդարադատության փոխնախագահ Արման Թաթոյանի թեկնածության հարցի քննարկմանը «Ժառանգության» պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը իր գոհունակությունը հայտնեց Արման Թաթոյանի պատասխանների վերաբերյալ. «Սակայն ինձ հետաքրքիր է ձեր մոտեցումները մարտի մեկի վերաբերյալ, քանի որ շատերս ունենք հայցեր Եվրադատարանում, ես երկու հայց ունեմ: Ուզում եմ, որ դուք հստակ ներկայացնեք ձեր առնչության մակարդակը, ձեզ հնարավոր կլինի՞ կաշկանդել մեր իրավունքները պաշտպանելիս, եթե պետությունը դեմ լինի»: Արման Թաթոյանը նշեց, որ Ալեքսանդր Արզումանյանի դիմումն ամենավերջինն է եղել, երբ ինքը ստանձնել է աշխատանքային պարտավորությունները. «Ես մասնակցել եմ տեխնիկական մասով, երբ պետք էր դատարան ուղարկել՝ ամենավերջին պահանջով արդարացի փոխհատուցման պահանջները»: «Փաստորեն, քաղաքական մասին ու մյուս օյինբազություններին մասնակից չեք եղել»,- գոհունակությամբ արձագանքեց Ալեքսանդր Արզումանյանը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր կողմից նշեց, որ անկախ ամեն ինչից, եթե Արման Թաթոյանն ընտրվի, զանգելու է նրան, համագործակցելու է՝ անկախ նրանից՝ ՀԱԿ-ն ինչպես է արտահայտվել. «Սակայն մենք ձեզ ընկալում ենք որպես Սերժ Սարգսյանի կադր, ու այն ազատությունները, որ ունեիք, հիմա չեք ունենա: Լավ կրթությունն ի չիք են դառնում, քանի որ մտել եք մի դաշտ, որտեղ մարտի մեկը ամենալուրջ մարտահրավերն է: Մեր երկրում կա մի խութ, խայտառակություն, որը մնալու է այնքան, մինչեւ բացահայտվի մարտի մեկը: Ձեր բոլոր դրական հատկանիշները չեն կարող լինել այդպիսին, եթե այդ փորձաքննությունը չհաղթահարեք: Մեր տառապանքը փորձ ունի՝ տարիներ շարունակ այդ ամբիոնից մեզ սուտ են մատուցել. դատախազը տղամարդու խոստում տվեց զոհերի ծնողներին, սակայն ոչինչ չարեց: Հարցս շատ կոռեկտ է՝ դուք կամք կարո՞ղ եք դրսեւորել ու այս գործն առաջ տանել: Դուք ի վիճակի՞ եք, ձեր կամային հատկությունները թույլ տալի՞ս են բացահայտել մարտի մեկն ու գնալ քաղաքական թիմի դեմ»: Արման Թաթոյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է Արամ Մանուկյանի հետ համագործակցել, բայց պրոֆեսիոնալ դաշտում. «Մարտի մեկի հետ կապված բոլոր օմբուդսմենները բարձրացրել են, իհարկե, ես եւս բոլոր միջոցները ձեռնարկելու եմ»: Արամ Մանուկյանը նկատեց, որ բոլոր օմբուդսմեններն էլ ինչ-որ քայլեր արել են, սակայն առանց արդյունքի. «Պարտատերերը մահանում են, ծնողներն էլ չկան, ու հույսը ոչնչացել է: Ծնողների հետ հանդիպումը ես կկազմակերպեմ, որ ձեզնից խոստումներ ու քայլեր կկորզեմ, որ այս հասարակության մեջ հույս լինի, որ հանցագործները պատիժ կկրեն» «Ես պատրաստ եմ հանդիպումների ցանկացած ձեւաչափերով: Ընտրվելու դեպքում չեմ տալու այնպիսի խոստումներ, որոնք չեմ կատարելու իրավական տեսանկյունից»,- վստահեցրեց Արման Թաթոյանը: