Ն. Փաշինյանը կարող է քվեարկել ՀՀԿ թեկնածուի օգտին (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր քննարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու՝ Արդարադատության փոխնախագահ Արման Թաթոյանի հարցը։ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը օմբուդսմենի թեկնածուից հետաքրքրվեց՝ ի՞նչ խնդիրներ է տեսնում «Աշխատանքային օրենսգրքում». «Խայտառակություն է, քանի որ ձեր նախորդը հրաժարական տվեց, եւ այդպես էլ չհասկացանք՝ ինչ եղավ: Նաեւ՝ սպառողների մասին կանոնակարգերի մասին ինչ կասեք: Բացի այդ, քաղաքը չի ընդլայնվում, ծայրամասերը, տեսեք, ինչ վիճակում են, մինչդեռ գերակա շահի տակ քանդում են Երեւանի կենտրոնը, քանի որ առկա հիմար օրենքի առկայությամբ շահավետ է կառուցել կենտրոնում: Ինչպե՞ս եք պատրաստվում միջամտելու, լուծելու այս հարցը»: Արման Թաթոյանը վստահեցրեց, որ զբաղվելու է այդ հարցերով. «Եթե իսկապես քանդվող շենքն ունի պատմական արժեք ու նոր կառուցվող շենքն ունի բացառապես կոմերցիոն նպատակ, ապա, իհարկե, կզբաղվեմ այդ հարցերով»: ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղելիս նախ ասաց, որ ինքն այս պահի դրությամբ վերջնական որոշում չունի քվեարկության համար. «Չեմ բացառում, որ կողմ կքվեարկեմ ձեր օգտին, սակայն դրա համար պետք է մի քանի հարցի վերաբերյալ պատկերացում ունենամ: Ակնհայտ է, որ քաղաքական մեծամասնության թեկնածուն եք, դուք որեւէ պարտավորություն ունե՞ք մեծամասնության առաջ, կաշկանդվա՞ծ եք, թե ոչ: Առաջինն ումի՞ց իմացաք, որ թեկնածու եք, ո՞վ զանգեց կամ տեղյակ պահեց եւ արդյոք այդ խոսակցության մեջ կայի՞ն պայմանավորվածության որոշակի էլեմենտներ»: Արման Թաթոյանը վստահեցրեց, որ կաշկանդվելու առումով որեւէ խոսք լինել չի կարող. «Ուսումնասիրելով իմ կենսագրական տվյալները՝ կարող եք վստահ լինել՝ այս առաջադրումը ինձ չի կաշկանդելու, ու ես լիարժեք իրականացնելու եմ իմ գործառույթները: Եթե հետեւողականություն չդրսեւորեմ, ապա դա ուղիղ կազդի իմ հեղինակության վրա»: Նիկոլ Փաշինյանին դուր եկավ այն, որ Արման Թաթոյանը նաեւ ասաց, որ ինքը ապահովելու է նախորդ օմբուդսմենների ինստիտուցիոնալ շարունակությունը. «Եթե այդպես է, ապա դա եւս մեկ փաստարկ կարող է լինել՝ ձեր օգտին քվեարկելու համար: Բնականոն պրոգրես ու արհեստական ռեգրեսի բացառում, սա շատ կարեւոր է»: Արման Թաթոյանը նաեւ ավելացրեց, որ բարձրացված որեւէ հարց դարակում չի հայտնվելու. «Ընտրվելու դեպքում մտածել եմ, որ պետք է նախկին զեկույցները առաջ քաշել, քանի որ շատ հարցեր շարունակվում են նաեւ հիմա»: ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը խոսեց վաղը ԱԺ դարպասների մոտ լրագրողների բողոքի ակցիայի մասին, որոնք բողոքում են ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի անվայելուչ պահվածքի դեմ. «Դուք ի՞նչ գնահատական կտաք, ի՞նչ մոտեցում ունեք»: Արման Թաթոյանն ասաց, որ այդ միջադեպի մասին այսօրվա ընթացքում է իմացել. «Հստակ չեմ տիրապետում իրավիճակին: Այն, ինչ տեղի է ունեցել, ոչ իրավաչափ գործողություն է։ Օմբուդսմենի գրասենյակի համար կարեւոր գործընկեր են նաեւ լրագրողները»: Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվեց՝ արդյոք Արման Թաթոյանը ներկա կլինի՞ ակցիային: «Օրենսդրական բազմաթիվ արգելքներ կան, որ չեմ կարող ներկա լինել»,- ասաց Արման Թաթոյանը: «Պարոն Թաթոյանը այստեղ պետք է լինի, քանի որ քվեարկության խնդիր ունենք: Մեր երկրում ցուցարարների պակաս չկա: Մարդիկ իրենց քաղաքացիական խնդիրները կարող են հստակ ներկայացնել»,- ի պաշտպանություն Արման Թաթոյանի՝ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: