ՄԻԵԴ-ում ամեն ինչ կախված է ՀՀ քայլերից
ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի սպանության գործի քննությանը Հայաստանը պարտավոր է հանդես գալ որպես երրորդ կողմ: Համոզված է Հայաստանում Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա, դրա համար Հայաստանն ունի բոլոր հիմքերը. «Վերջին կես տարում, այս ոլորտին առնչվող խնդրիրներին ՄԻԵԴ-ն անդրադարձել է չորս–հինգ անգամ: Ինչպիսին կլինի ՄԻԵԴ-ի որոշումը Գուրգեն Մարգարյանի հարցով, կանխատեսել չի կարելի, բայց դրա վրա մեծ ազդեցություն կունենա Հայաստանի իշխանությունների կատարած աշխատանքները»: Լարիսա Ալավերդյանին Ադրբեջանի գործողությունները հիշեցնում են «Իսլամական պետությանը»: Այստեղ նույնպես նա նկատում է բացահայտ արհամարհանք օրենքի նկատմամբ. «Ադրբեջանն իրեն հակադրում է մարդու և միջազգային բոլոր իրավունքներին, քաղաքակիրթ հասարակության արժեքներին ու պարզապես ցինիկաբար է ոտնահարում ու ցուցադրում այդ ամենը»: Այն, որ հայատյացությունը Ադրբեջանի քաղաքականությունն է, ապացուցեց հենց Ռամիլ Սաֆարովը, երբ կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին,իսկ հետո նաեւ Ադրբեջանը, երբ հերոսացրեց այդ նույն Սաֆարովին: Կարծում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը. «Այն ժամանակ Ադրբեջանը որդեգրում էր մի քաղաքականություն, որ պետք է բերեր այսօրվա լարված, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակին: Սաֆարովի արտահանձնումը և հերոսացումը իրավիճակ է փոխել, և այդ պահը դարձել է շրջադարձային՝ բանակցային գործընթացի կանգ առնելու համար»: Ըստ քաղաքագետի, հայկական կողմը պետք է նաեւ ուշադրություն դարձնի քարոզչությանը և միջազգային հանրությանը ցույց տա, թե ինչ է ուզում անել Ադրբեջանը: