«Մենք պետք է սկսենք մարտի 2-ից» (տեսանյութ)
«Մարտի 1-ը ներազգային իմաստով ոչ մի բանով չի զիջում ապրիլի 24-ին. Եթե այնտեղ ֆիզիկական բնաջնջման մասին էր խոսքը, մարտի 1-ը ցույց տվեց, որ սրանք պատրաստ են նաև հոգևոր և ֆիզիկական բնաջնջման»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է ազատամարտիկ Պավել Մանուկյանը։ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից անցել է 8 տարի, սակայն 10 քաղաքացու սպանության համար որևէ մեկը մեղավոր չի ճանաչվել ու չի պատժվել։ Ազատամարտիկը չի պատկերացնում որևէ փոխհատուցում, որը կարող է ամոքել որդեկորույս ծնողների վիշտը. «Ինչ երազում էր զոհը, դրանով պիտի հատուցվի, այսինքն՝ ազատության, արդարության, անկախության, ազգային արժեքների հաղթանակը։ Սա էր չէ՞ զոհված տղաների երազանքը։ Մարտիմեկյան զոհերի սուգը համազգային է»։ Ազատամարտիկին մտահոգում է նաև ներկայիս իրավիճակը. «Առանց յաթաղան մորթվում ենք, գյուղերը դատարկվում են, դպրոցները բարոյազրկվում են... Բուժականի դպրոցը, որ ես եմ ավարտել այն ժամանակ 458 աշակերտ ուներ, իսկ հիմա՝ 150։ Համատարած սպանդ է, առանց արյուն մորթ»։ Մարտի 1-ից հետո մեր ժողովրդի համար չլուսացավ մարտի 2-ը, սակայն ազատամարտիկը համոզված է՝ ժողովրուրդը մեկ օր կրկին ոտքի կանգնելու է. «Մարտի 1-ը ցույց տվեց, որ իշխանությունը և ժողովուրդն իրար հետ կապ չունեն։ Ես վստահ եմ իմ ժողովրդի որակի, դարավոր փորձի վրա, նա գիտի պոռթկալու ժամը, որը չի ուշանալու։ Եթե ուզում ենք տարվա բոլոր օրերը ապրենք, մենք պետք է դարձյալ սկսենք մարտի 2-ից»։ Ազատամարտիկն այսօր մասնակցում էր Ազատության հրապարակում «Նոր Հայաստանի» հավաքին։