«Սա ինձ, սա քեզ, միայն արդարաբար, Շուռա» (տեսանյութ)
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր քննարկվող «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ելույթ ունենալով կիսադատարկ դահլիճում, ասաց. «Հարգելի սակավաթիվ գործընկերներ, հիմա եմ հասկանում՝ ինչու է այս նախագիծը ներկայացնում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը. նա ընտրվել, քանի որ նման պրոֆեսիոնալ ձեւով հիմնավորել անհիմնավորելին, կարող էր միայն Արփինե Հովհաննիսյանը»: Նա հայտարարեց, որ ԲՀԿ-ն դեմ է այս նախագծին. «Ինչպես «Լեյտենանտ Շմիդտի զավակները» ստեղծագործության մեջ է ասվում՝ «սա ինձ, սա քեզ, միայն արդարաբար, Շուռա», ԲՀԿ-ն դեմ է այս քաղաքական առեւտրին իր մասնակցությունը բերել: Մենք ամենայն հաջողություն ենք մաղթում ՀՅԴ-ՀՀԿ-ին, հույս ունենք, որ նրանք իրապես կարողանան լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները: Սակայն քաղաքականապես այդպես ենք ուզում, այդպես է պետք, նման ձեւակերպումները մեզ համար անընդունելի են»: ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը եւս հաճոյախոսություն արեց Արփինե Հովհաննիսյանին՝ ասելով. «Ես ուրախ եմ, որ դուք անկեղծ էիք, երբ ասացիք, որ նախարարությունների տարանջատումը քաղաքական նպատակահարմարությունից է բխում»: Իսկ ԲՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Վահան Բաբայանը կոչ արեց կրճատել Սփյուռքի նախարարությունը եւ միացնել ԱԳՆ-ին. «Ինչո՞ւ ենք պահում մի նախարարություն, երբ ավելի բարձր մակարդակով նրա գործառույթները կարող է անել ԱԳՆ-ն»: