Հաջողված պատմություններ՝ մեկ գրքում (տեսանյութ)
Հնարավո՞ր է արդյոք վերացնել աղքատությունը, բուժօգնություն հասցնել աշխարհի չորս ծագերը, երաշխավորել, որ ամեն մի երեխա յուրաքանչյուր երկրում լիարժեք կրթություն ստանա։ Այս, նորարարական այլ մտահղացումների ու գաղափարների մասին է Դեյվիդ Բորնսթայնի «Ինչպես փոխել աշխարհը. Սոցիալ-ձեռներեցներ և նոր գաղափարների ուժը» գիրքը։ Շնորհանդեսին ներկա Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քլարկ Փրայսը խոսում է գրքի բովանդակության մասին. «Գիրքը սոցիալ-ձեռներեցների մասին է, որոնք տարբեր երկրներում առկա խոշոր սոցիալական խնդիրների համար կարողացել են համակարգային լուծումներ ապահովել։ Գրքում ներառված են պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր չեն կարող տեսնել , թե ինչպես են մյուսները տառապում, մարդիկ, ովքեր չեն կարող թույլ տալ, որ ընձեռնված հնարավորությունները չօգտագործվեն»։ Այսօր նորարարական գաղափարների, դրանց հաջողությունների պատմությունների մասին պատմող գիրքը ներկայացվեց Երևանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի Ամերիկյան անկյունում։ Այն տպագրվել է 1000 օրինակով, կտրամադրվի դպրոցներին, բուհերին, ՀԿ-ներին ու գրադարաններին։