«Հարս են բերել, բայց տեղը փոքր է» (տեսանյութ)
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր քննարկվող «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հարց ուղղելով Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, հետաքրքրվեց. «Իսկապե՞ս ձեր քաղաքական ուժը հեղինակազրկված էր ու պետք էր, որ ՀՅԴ-ն մաքրեր ձեզ: Իրենց կարիքը ունեի՞ք, դրա համա՞ր եք նրանց վերցնում, քանի չունեք համապատասխան մասնագետներ, ռեսուրսներ: Օրինակ՝ Աշոտյանը չէ՞ր համապատասխանում իր հմտություններով: Դուք ընդունո՞ւմ եք, որ ձեր քաղաքական ուժը ձախողել է ու մեկ այլ ուժի միջոցով փորձում եք դրանք ուղղել, քանի որ բացի քաղաքական համագործակցության հիմնավորումից, այլ բան չներկայացվեց: Արդյոք այս որոշումը բխո՞ւմ է մեր պետության շահից»: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ տեւական ժամանակ լինելով ԱԺ-ում ու հետեւելով քաղաքական գործընթացներին, ուզում է խոսել տեսածի դիրքերից. «Ես այստեղ՝ այս դահլիճում, քաղաքական շատ դրսեւորումներ եմ տեսել՝ խմբակցություններից դուրս գալ, մնալ-չմնալ եմ տեսել: Իմ գործընկերները՝ ՀՅԴ-ն, մանրամասն պարզաբանում տվել են հեղինակազրկման մասին: Իմ թիմում կան ռեսուրսներ, իսկ պարոն Աշոտյանը ամենապատրաստված ՀՀԿ ռեսուրսն է: Անունները կարեւոր չեն, այլ կարեւոր են թիմերն ու տեսլականը: Ես հեռու եմ այն մտքից, որ ձախողումներ եղել են, թերություններ ու դժվարություններ եղել են ու կան, իսկ համագործակցության մենք միշտ պատրաստ ենք եղել բոլոր ուժերի հետ»: Զարուհի Փոստանջյանը նաեւ ճշտեց. «ՀՅԴ-ն ՀՀԿ հետ համագործակցության շրջանակներում պատասխանատվություն կրելո՞ւ է ապագա ձախողումների համար»: «Քաղաքական համագործակցություն նշանակում է պատասխանատվություն»,- վստահեցրեց Արփինե Հովհաննիսյանը: Ի դեպ, հարց տալու համար գրանցվել էր նաեւ ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը, սակայն, ինչպես նախորդ նման դեպքերի, նրա գրանցումը ձեւական էր ու նա բացակայում էր դահլիճից: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ հաջորդ շաբաթ արդեն ՀՅԴ հետ կստորագրվի հուշագիր ու ամեն ինչ պարզ կդառնա բոլորի համար: Մտքերի փոխանակության ժամանակ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ՀՅԴ եւ ՀՀԿ միջեւ տեղի է ունեցել ամուսնություն. «Եվ հիմա ուզում են հարս բերել, սակայն տան պայմանները չեն բավարարում, ու որոշել են մի սենյակը կիսել, որ այդ զույգերն այդտեղ կարողանան բնակվել: Ինձ մոտ տպավորությունն այդպիսին է: Կարծում եմ՝ եթե հարս եք բերում, ուրեմն զգալի գումարներ էլ կտրամադրվեն: Սա մեր հարկատուներիս գումարներն են, որոնց արդյունքում են տեղի ունենում այս կեղծ ամուսնությունները: Բոլորս պետք է դեմ քվեարկենք այս նախագծին, քանի որ այս քաղաքական պայմանավորվածությունները արդիական չեն»: Իր ելույթում նախագծին դեմ արտահայտվեց նաեւ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը: Նա կոչ արեց ՀՀԿ-ՀՅԴ-ին՝ կրկին վերանայել իրենց համագործակցությունը ու նոր բաժանումներ չանել: