Մի թեսթով թատրոնի ղեկավարի պաշտոն են ստանում (տեսանյութ)
Ըստ Երևանի տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի՝ եթե մշակութային կենտրոններում կադրային փոփոխությունները կատարվում են բնագավառը բարելավելու նպատակով, դա կարելի է հասկանալ, «բայց եթե ինչ-որ մեկը բարեխոսում է, ինչ-որ մեկին պետք է աշխատանքի դասավորել, դա արդեն խնդիր է»: «Ա1+»-ի հարցին, թե այս համատեքստում ինչպե՞ս պետք է իրեն դրսևորի Մշակույթի նախարարությունը, պարոն Բաբայանն ասաց. «Մեզ նման երկրներում չափազանցված է Մշակույթի նախարարության դերը: Այն ոչ թե պետք է զբաղվի կադրային հարցերով, այլ մշակի ծրագրեր, որոնք թույլ կտան զարգացնել ոլորտը: Թատերական ոլորտում եղած մեխանիզմները ժանգոտած են»: Տիկնիկային թատրոնի ղեկավարը նաև ցավում է, որ մշակութային օջախներում ղեկավար կարող են դառնալ մարդիկ, ովքեր ընդհանրապես կապ չունեն ոլորտի հետ: «Այսօր, ցավոք, մի թեսթ լրացնելով՝ ստանում են թատրոնի ղեկավարի պաշտոնը»: Պարոն Բաբայանը կարծում է, որ մշակույթի ոլորտը պետք է հիմնականում ֆինանսավորվի ոչ թե պետության, այլ հովանավորների կողմից: «Դա մեր մեծահարուստներին կդարձնի ավելի քաղաքակիրթ»,-կարծում է նա: Նախորդ տարի Երևանի տիկնիկային թատրոնը 6 նոր բեմադրություն և ինը փառատոնի մասնակցություն է ունեցել: Աշխատանքների մեծ մասը ներկայացվելու են «Արտավազդ» մրցանակաբաշխությանը: