Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արփինե Հովհաննիսյանը դիսկոմֆորտի մե՞ջ է (տեսանյութ)

Քաղաքականություն
azh

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին քննարկվող «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նախ ափսոսանք հայտնեց, որ այս նախագիծը ներկայացնում է հենց Արփինե Հովհաննիսյանը. «Գործող նախարարական կառուցվածքն ավելի օպտիմալ է ու բյուջեն խնայում է, իսկ գործառույթներն էլ համադրելի են, ինչու ենք փոխում: Մենք ի՞նչ երաշխիքներ ունենք, որ սպորտը՝ երիտասարդությունից, կրթությունը՝ գիտությունից չեն տարանջատի՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Պետք է ամեն ինչ միտված լինի պետական շահին, այլ ոչ թե այս կամ այն քաղաքական շահին ծառայի»: Հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ երկու պնդում ունի. «Իմ խորին համոզմամբ՝ քաղաքական համագործակցության արդյունքում ավելի արդյունավետ աշխատանք կլինի: Եղել են երկրներ, որտեղ մինչեւ երեսուն նախարարություն է ստեղծվել: Այս դահլիճում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով շատ քաղաքական ուժեր  կայացրել են որոշումներ հենց այս դահլիճում, քանի որ սա քաղաքական ամբիոն է»: ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը նախ հետաքրքրվեց, թե որ Սահմանադրությունն է հիմա գործում՝ հի՞ն, թե՞ փոփոխված. «Քանի որ հղումներ են արվում Սահմանադրության կետերի վրա, ուզում ենք հասկանալ: Նաեւ՝ ավելի լավ չէ՞ր լինի, եթե ԱԻՆ-ը միանար Ոստիկանությանը ու դառնար ՆԳՆ: Այսպես են վարվում բոլոր քաղաքակիրթ երկրները»: Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այդպես նպատակահարմար չէ: Իսկ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը փորձեց հոգատարություն ցուցաբերել ու հարց ուղղելիս ասաց, թե կարծես թե այս նախագծի վերաբերյալ հարցերին պատասխանելիս Արփինե Հովհաննիսյանը մի փոքր դիսկոմֆորտի մեջ է: Արփինե Հովհաննիսյանը ուսերը թոթվեց. «Դիսկոմֆորտ չէ ինձ համար, ինչի՞ց այդպես ենթադրեցիք. ինձ համար զարմանալի է, որ այս դահլիճում զարմանալի է համարվում քաղաքական նպատակահարմարություն ձեւակերպումը»: