Միևնույն դեղը տարբեր որակներ ունի Եվրոպայում և այստեղ
1998 թվականին ընդունված Դեղերի մասին ՀՀ օրենքը չի ներառում օրենսդրական կարգավորում պահանջող հարաբերությունների ամբողջ ծավալը: Այս նպատակով այսօր ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովն անցկացնում է Դեղերի մասին և կից օրենքների նախագծերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Հիմնական զեկուցող Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանից ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց. «Նուրոֆեն և այլ դեղեր Եվրոպայից բերում եմ, կտրուկ տարբերվում են այստեղ այլ երկրներից ներմուծված դեղերից: Էլ չասեմ, որ ճկուն աշխատում է դեղ ներկրող ընկերություններ և պոլիկլինիկաներ, իմ կարծիքով, հանցավոր կապը: Պոլիկլինիկաներում մատնացույց են անում, թե որ դեղատնից գնես անհրաժեշտ դեղը: Եվ դրանից, իհարկե, իրենց ատկատն ունեն: Այս հանցավոր շղթայի դեմը ո՞նց եք առնելու: Չեմ ուզում անդրադառնալ դեղային մաֆիոզներին, ինչի մասին բազմիցս խոսել եմ, այլ միայն այս հարցին»: Պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Դեղի տարբերությունը բազմաթիվ խնդիրների հետ է կապված: Կարող է դեղը փոփոխություն կրել տեղափոխման միջոցների, տրանսպորտի, ջերմաստիճանի ոչ պատշաճ պահպանման հետևանքով: Առողջապահության փոխնախարարը նշեց նաև, որ սա առաջին խնդիրն է, որ լուծում է ստանում օրենքով»: Նաիրա Զոհրաբյանը շարունակեց այլ օրինակներ ներկայացնել. «Վերցրեք Օմեգա 3-ը, այստեղինը չգիտես ինչ է, ձկան յուղ է, ինչ է..: Իմոդիումի դեպքում էլ այստեղ ներկրվածի դեպքում բացարձակ ազդեցություն չկա... Ես լավատես չեմ, որ այս վատ պրակտիկան կարող ենք կանխել»: