«Կարևորում ենք ընդդիմադիր ուժերի միավորումը». ՀԴԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԴԿ նախագահության նիստում քննարկվեց Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկմանը մասնակցելու հարցը: Անդրադարձ կատարվեց ընդդիմադիր ուժերի հնարավոր համագործակցության մասին վերջերս շրջանառվող հայտարարություններին: Մինչ նախընտրական դաշինքներ և միավորումներ ձևավորելը, ինչը մեր համոզմամբ պետք է խարսխված լինի միմիայն գաղափարական ընդհանրությունների վրա, այս փուլում կարևոր ենք համարում ընդդիմադիր ուժերի միավորումը՝ հրատապ հիմնախնդիրների լուծման նպատակով: Այսպես օրինակ, կարևորելով նոր Ընտրական օրենսգիրքը արդար քաղաքական համակարգի կայացման գործում, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը առաջարկում է ապագա ընտրություններին մասնակցող քաղաքական կազմակերպություններին ստեղծել Միջկուսակցական խորհուրդ: Մեր կարծիքով Խորհուրդը կունենա հետևյալ հիմնական գործառությունները. 1. Կազմակերպել Ընտրական օրենսգրքի համատեղ քննարկումներ, 2. Հանդես գալ միասնական առաջարկություններով փոփոխությունների վերաբերյալ և քարոզչական ու բացատրական աշխատանք ծավալել հանրության շրջանում, 3. Կազմակերպել առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ամբողջական վերահսկողությունը: Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը պատրաստակամ է առաջիկայում կազմակերպել շահագրգիռ քաղաքական կառույցների ներկայացուցիչների հանդիպումը: Հայաստանի Դեմոկրատական կուսակցության Նախագահություն