ԲՀԿ֊ն նախընտրում է չհայհոյել իշխանություններին (տեսանյութ)
Հանրապետականի հետ կոալիցիա չկազմելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հայտնվել լուսանցքում. կարծում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը. «ԲՀԿ-ն իրենից մեծ կառույց է ներկայացնում, մենք երկրորդ քաղաքական ուժն ենք խորհրդարանում, առաջին ընդդիմադիր ուժը։ Եթե հրապարակներից չենք հայհոյում, չի նշանակում, որ լուսանցքում ենք հայտնվել»։ Միքայել Մելքումյանն ավելացնում է. «Իշխանության հետ էլ պետք է աշխատես, ընդդիմության հետ էլ։ Եթե որևէ մեկին հայհոյես, ասենք՝ իշխանությանը, նա քո բարձրացած խնդիրները կլսի՞, կփորձի՞ լուծել դրանք։ Իշխանության հետ պետք է խոսել հանուն քո խնդիրների լուծման»։ Ըստ պարոն Մելքումյանի՝ իշխանություններին չհայհոյելը չի նշանակում ընտրություններին ավելի քիչ քվե ստանալ. «Մեր հասարակությունը ուրիշ բան չի՞ հասկանում»։ «Բարգավաճ Հայաստանը» առաջիկայում ձևավորվելիք կոալիցիոն կառավարությանը երկրի առջև ծառացած խնդիրների լուծման մասին առաջարկներ կանի։ Իսկ նրանք մտահոգություն չունե՞ն, որ հերթական անգամ ՀՀԿ-ն կնախընտրի այլ քաղաքական ուժերի առաջարկներին «մատների արանքով» նայել. Պարոն Մելքումյանը նշում է. «Եթե 10 առաջարկներից մեկն ընդունվում է, դա արդեն արդյունք է, անընդհատ պետք է ստիպել լսել»։ Իսկ ինչպե՞ս կվարվի կուսակցությունը ընտրախախտում արած իր կուսակցի հետ. «Դատարանի որոշումն ամենաբարձր արժեքն է, կա կայացված դատական ակտ, իսկ արդյոք նա կուսակցության կողմից նկատողություն կստանա՝ դա մեր ներքին խնդիրն է»,- հավելեց Վահան Բաբայանը։ Հիշեցնենք, խոսքը 2015 թ. դեկտեմբեի 6-ին՝ սահմանադրական հանրաքվեի օրը, 3 անձի փոխարեն քվեարկած ԲՀԿ-ական Նարինե Հովհաննիսյանի մասին է, որը Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատապարտվեց 500 հազար դրամ տուգանքի։