ՀՀԿ-ն անհանգստացած է «Ժառանգության» ճակատագրով (տեսանյութ)
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի երեք թեկնածուի դիմումները: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկայացրեց Զարուհի Փոստանջյանին։ Հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն՝ ասելով. «Ես բազմիցս առաջակեցի միասնական թեկնածուով հանդես գալ, սակայն դուք ինձ պատասխանեցիք բացասաբար, հետո՝ ոչ մի կերպ ու ինձ համար շատ անակնկալ առաջադրեցիք իմ կողմից շատ հարգված Զարուհի Փոստանջյանին, որին ես կողմ կլինեմ, ինչպես եւ մեր թեկնածուին»: Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Ես չեմ պատկերացնում, որ ես իմ ձայնը կարող եմ տալ մեկ ուրիշ թեկնածուին, հետեւաբար մեր համագործակցությունը չէի պատկերացնում, քանի որ այդ ժամանակ ես բանակցությունների մեջ էի նաեւ Ավետիք Իշխանյանի հետ: Բացի այդ, ԲՀԿ-ն իր թեկնածուն ուներ ու պետք է միասնական առաջադրեիք»: Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ ունի իրենց այդ զրույցի ապացույցները եւ ցանկացած պահի կարող է հրապարակել: «Ձեզ ոչինչ չի խանգարում, որ ձեր թեկնածուն ինքնաբացարկ հայտնի ու պաշտպանեք Զարուհի Փոստանջյանին»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը: Իսկ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, հարց ուղղելով ասաց. «Ժառանգություն» կուսակցությունում տեղյա՞կ են, որ առաջադրել եք Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, եթե այո, ապա ինչո՞ւ կուսակցությունից չեն արձագանքել: Ինչո՞ւ եք ուզում փակել «Ժառանգություն» խմբակցությունը, քանի որ միակ անդամը տիկին Փոստանջյանն է: Կարո՞ղ է լուրջ եք ընդունել, որ ինքը կընտրվի օմբուդսմեն: Կարծում եմ՝ ճիշտ չէ գերեզմանափոր լինել որեւէ կուսակցության համար»: Էդմոն Մարուքյանը պատասխանեց՝ ասելով. «Զարմացած եմ, որ գերեզմանափորի պիտակ եք փորձում կպցնել ինձ կամ այն քաղաքական ուժին, որ ներկայացնում եմ. եթե այս երկրում գերեզմանափորություն եղել է, հաստատ ոչ մեր կողմից: Չեմ կարծում, որ ես պետք է քննարկեմ «Ժառանգություն» կուսակցության հետ կապված հարցերը. եթե Զարուհի Փոստանջյանն առաջադրվել է, ուրեմն ունի համաձայնություն կուսակցությունից: Մի անհանգստացեք «Ժառանգության» համար, քանի որ նա չի վերանա ԱԺ-ում: Զարմանում եմ, որ ՀՀԿ-ն է այդ դարդն անում: Եթե լուրջ չեք ընդունում այս թեկնածուին, ապա ինչո՞ւ եք խառնվել իրար. եթե, իհարկե, ձեր մեջ կլինեն մարդիկ, որ հնարավոր է՝ գաղտնի նրա օգտին քվեարկեն: Զարուհի Փոստանջյանն այն մարդն է, որի նկատմամբ քաղաքական ճնշումները չեն ազդի»: