Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարուքյանը ներկայացրեց Փոստանջյանի առավելությունները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
postanjyan

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի երեք թեկնածուի դիմումները: Օմբուդսմենի իր թեկնածուին է առաջադրել ՀՀԿ-ն՝ Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին, ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը իր ղեկավարած «Ալյանս» կուսակցության անդամ, իրավաբան Նարեկ Ալոյանին եւ ՕԵԿ-ն ու ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: Ի դեպ, հանձնաժողովը բաղկացած է 12 անդամից, որից 6-ը՝ ՀՀԿ պատգամավոր: Հանձնաժողովի ընտրած օմբուդսմենի թեկնածուն այնուհետեւ կներկայացվի ԱԺ լիագումար նիստին եւ փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրվի: Էդմոն Մարուքյանն իր խոսքում ներկայացրեց Զարուհի Փոստանջյանի կենսագրությունը: Մասնավորապես նա հիշեցրեց, որ «Մատաղիսի» գործով տիկին Փոստանջյանը հասավ նրան, որ իր պաշտպանյալները ազատ արձակվեցին: Նշենք, որ այդ տարիներին մեղադրող դատախազը այժմ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էր: Պարոն Մարուքյանը պատմեց նաեւ, որ Զարուհի Փոստանջյանը ակտիվ մասնակցություն է ունեցել 2008թ. մարտի 1-ին, անցած տարի հունվարին Գյումրիում ու շատ այլ բողոքի ակցիաների ժամանակ. «Զարուհի Փոստանջյանը խիզախ կին է, որ պաշտպանում է մարդու իրավունքները ցանկացած տեղ, ցանկացած ժամանակ»: ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը, հարց ուղղելով Էդմոն Մարուքյանին, ասաց. «Ձեզ մեծագույն համակրանքով եմ վերաբերվում ու ձեր բոլոր նախաձեռնությունները հավանության եմ արժանացրել, սակայն սա այն դեպքը չէ, քանի որ ինձ հետաքրքրում է ոչ թե Զարուհի Փոստանջյանի անձը, այլ նրա կարգավիճակը՝ նա խմբակցության ղեկավար է: Ի՞նչ հիմա չունի տիկին Փոստանջյանը, որ օմբուդսմեն ընտրվելուց հետո ունենալու է»: Էդմոն Մարուքյանն ի պատասխան նշեց. «Փոխադարձ խորը հարգանքով եմ վերաբերվում ձեզ, սակայն լինելով մասնագիտությամբ իրավաբան՝ պետք է իմանաք, որ որեւէ պատգամավոր ավելի բարձր կարգավիճակ չունի, քան օմբուդսմենը»: Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ուղղեց նրան. «Տիկին Փոստանջյանը խմբակցության ղեկավար չէ, այլ միայն պատգամավոր»: Լեւոն Մարտիրոսյանը նկատեց, որ պատգամավորը շատ ավելի բարձր կարգավիճակ ունի, որպես առաջնային մանդատ ունեցող անձ, խմբակցության ղեկավար: