Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ` 8 ԹԻՄԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունն, ըստ նախնական տեղեկությունների, կմեկնարկի ապրիլի 14-ին: Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից «Ա1+»-ին տեղեկացրեցին, որ առաջնությանն այս տարի մասնակցելու են 8 թիմեր. «Փյունիկ», «Միկա», «Բանանց», «Կիլիկիա», «Արարատ», «Շիրակ», «Ուիլս», «Գանձասար»:

Մարտի կեսերին կայացած գործկոմի նիստում որոշվել էր, որ եթե առաջնությանը մասնակցեն 8 թիմեր, ապա այն կանցկացվի 4-րդ շրջանով, այսինքն` թիմերը միմյանց հետ կհանդիպեն 4-ական անգամ եւ յուրաքանչյուրը առաջնության ընթացքում կանցկացնի 28 հանդիպում:

Նախորդ առաջնության համեմատ փոփոխությունները բավական քիչ են: Միակ նորեկը Կապանի «Գանձասարն» է, որը հաջող հանդես եկավ 2005թ. Հայաստանի առաջին խմբի առաջնությունում եւ բարձրագույն խմբի ուղեգիր նվաճեց: Այս թիմին ֆինանսավորում է տեղի պղնձամոլիբդենային գործարանը: «Գանձասարը» եւ Գյումրիի «Շիրակը» միակ թիմերն են, որոնք չեն ներկայացնում Երեւանը:

Նախորդ առաջնության մասնակիցներից այս անգամ հանդես չեն գա «Լեռնագործ Արարատը» եւ «Էսթեղլալ Կոտայքը», որոնք ֆինանսական ճգնաժամի պատճառով լուծարվել են, իսկ թիմերի ֆուտբոլիստներն ազատ խաղացողների կարգավիճակով տեղափոխվել են այլ հայկական ակումբներ: «Էսթեղլալ Կոտայքը», նույն ինքը նախկինում Աբովյանի «Կոտայքը», դեռեւս ԽՍՀՄ ժամանակներում բավական ուժեղ թիմ է եղել, որի պատրաստած կադրերը մեծ հաջողությամբ հանդես են եկել խորհրդային Հայաստանի լավագույն թիմում` «Արարատում»: Հայաստանի անկախացումից հետո «Կոտայքը» որոշ ժամանակ պահեց իր մարտունակությունը, սակայն աստիճանաբար հայտնվեց ծանր վիճակում: Անցած տարի թիմին սկսեցին ֆինանսավորել իրաանական «Էսթեղլալ» ակումբի սեփականատերերը եւ ակումբի վերանվանվեց «Էսթեղլալ Կոտայք»-ի: Թիմը դարձավ 2005թ. առաջնության հայտնությունը եւ գրավեց 4-րդ տեղը` չեմպիոն «Փյունիկից» բոլորից շատ միավորներ կորզելուց հետո: Հովանավորն այս տարի ոչնչով չօգնեցին «Կոտայքին», ինչ արդյունքում թիմը լուծարվեց:

Առաջնության խաղացանկն արդեն կազմված է եւ, ըստ ՀՖՖ-ի մամլո քարտուղարության, օրերս կհրապարակվի: