ՀԱԿ-ին եւ «Նոր Հայաստանին» արտոնվեց մարտի 1-ին, միևնույն ժամին հավաք անցկացնել
Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ՝ ի գիտություն է ընդունվել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի իրազեկումը՝ մարտի 1-ին ժ.11.00-23.00 Ազատության հրապարակում հավաք եւ հավաքի ընթացքում՝ ժ.19.00-ին Ազատության հրապարակ–Մաշտոցի պողոտա–Գ.Լուսավորչի փողոց–Իտալիայի փողոց–Հանրապետության հրապարակ–Նալբանդյան փողոց–Թումանյան փողոց–Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։ Միաժամանակ քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ սահմանվել է սահմանափակում ՀՀ քաղաքացի Վարուժան Ավետիսյանի կողմից մարտի 1-ին ժ.00.00-24.00 Ազատության հրապարակում նախատեսված հավաքի ժամանակի նկատմամբ՝ առաջարկելով հավաքն անցկացնել ժ.08.00-22.00-ը: Մարտի 1-ին Ազատության հրապարակում նախատեսվող հավաքի ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է: Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ ի գիտություն է ընդունվել նաեւ մարտի 1-ին ժ.19.30-21.30 Ազատության հրապարակ–Հյուսիսային պողոտա–Աբովյան փողոց–Հանրապետության հրապարակ–Ամիրյան փողոց–Մաշտոցի պողոտա–Ազատության հրապարակ երթուղով երթի անցկացումը: Փաստորեն նույն օրը երկու տարբեր քաղաքական ուժեր Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնեն: