Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դևն այսօր դարձավ 50 տարեկան (տեսանյութ)

Քաղաքականություն
dev

Ազատամարտիկ Դավիթ Սարապյանը փետրվարի 4-ին կդառնար 50 տարեկան: Դանիել և Պողոս Բեկ Փիրումյանների տոհմի զավակն առաջիններից էր, ով Արցախյան պատերազմի սկզբից ներգրավվեց մարտական գործողություններում: «Որպես ճշմարիտ մտավորական նա պատասխանատվություն էր զգում իր ժողովրդի ճակատագրի համար: Հայրենասեր մարդ էր և չնայած ապրում էր շատ բարեկեցիկ և շատ երջանիկ կյանքով, կարողացավ այդ ամեն ինչը թողնել և գրիչը փոխարինել սրով»,- ասում է նրա կենսագիր Էվելինա Մելքումյանը: Դավիթ Սարապյանը 1990-ականներից արդեն մասնակցել է Շահումյանի, Հադրութի բնակավայրերի ազատագրական մարտերին: Ցուցաբերած խիզախ ու համարձակ պահվածքի համար ընկերների կողմից նա ստանում է Դև մականունը: Հերոսը զոհվեց 1991 թվականի դեկտեմբերի 10-ին՝  Շահումյանի շրջանի Թոդան գյուղի համար մղվող պայքարում: «Իր ամբողջ կյանքը նա ապրեց ասպետական կանոններով: Առաջնահերթ մտածում էր ուրիշների մասին. զոհաբերության ընդունակ մարդ էր: Պաշտպանում էր թույլերին և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես, միջամտում էր և շատ անգամ ի վնաս իրեն»,- հիշում է տիկին Էվելինան: Դավիթը ծնվել է 1966 թվականին Երևանում՝ մտավորականների ընտանիքում:  Հայրը՝ Էդուարդ Սարապյանը Երևանի գլխավոր ճարտարապետն էր, մայրը՝ Էմմա Սարապյանը, ականավոր գիտնական: Ընտանիքում առաջին տեղը սերն էր հայրենիքի նկատմամբ:  Ազնվական տոհմի զավակ լինելը պարտավորեցնում էր  գենի պատիվը բռունցքներով պաշտպանել, երբ դեռ 18 տարեկան էր ու ծառայում էր Ուկրաինայի Խմելնիցկու զորամասում: «Անընդհատ հրահրում էին նրան՝ վիրավորելով իր ազգի արժանապատվությունը: Դավիթն այն մարդկանցից չէր, որ կարողանար կուլ տալ այդ: Մի բախման ժամանակ հարձակվել էին իր վրա, տեսել էր դանակը և հեռացնելիս հարձակվողներից մեկը վնասվել էր: Այդ դեպքի համար նա դատապարվեց 4 տարվա ազատազրկման»: Տիկին Էվելինան Դավիթի մոր ընկերուհին էր, փոքր տարիքից արդեն նկատելի էր տղայի բարձր որակները: Հաղթանդամ մարմնով, բարի սրտով ու խելացի Դավիթը մտքերը հաճախ էր հանձնում թղթին: Այդ ստեղծագործությունների առաջին ընթերցողներից տիկին Էվելինան «Դև, կյանքը, պայքարը, ստեղծագործությունը» գրքում ամփոփել է դրանք: «Ռեալիստական ձևով և հոգեբանական խորությամբ նկարագրում է այն մարդկանց ճակատագրերը, որոնք գտնվում են կյանքի բարդ պայմաններում: Անազատության մեջ գտնվող մարդկանց, զինվորական առօրյայի մասին շատ դժվար է գրել, որպեսզի այն գրավիչ լինի և կարդացվի»: Դավիթի զոհվելուց հետո Ալեք Մանուկյան փողոցում գտնվող տունը մայրը կտակում է 6 ընկերներին՝ հույս ունենալով, որ նրանք բաց կպահեն օջախի դուռը ու այնտեղ մշտապես որդու շունչը կլինի: Նրա երազանքն էր նաև այդ բնակարանը տուն-թանգարան դարձնել: Սակայն մոր մահից հետո ընկերները թալանում են տունը, հետո՝ վաճառում այն: Հիմա արդեն ինչպես Երևանում, այնպես էլ ծննդավայր Տող գյուղում Դավիթին պատկանող ոչինչ չի պահպանվել: