«ՀՀԿ-ի համար 4 անգամ 4 հավասար է 19-ի». պետական պարտքն անցավ 5 միլիարդը (տեսանյութ)
ՀՀ եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ 2015թ. օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի քննարկմանը այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն իր ելույթում նշեց, որ բացարձակապես սխալ է վերանորոգման համար վարկ վերցնելը. «Ես էլի եմ ասել՝ քանակական ցուցանիշ պետք է ունենանք՝ ինչի համար ենք վարկ վերցնում: Քսանհինգ տարով վարկ ենք վերցնում, սակայն չգիտենք՝ քսանհինգ տարի անց այդ վարկի հետքն անգամ չենք գտնի, քանի որ դրա պատասխանատուները էլ չեն լինի ու մեզնից շատերն էլ այս դահլիճում չեն լինի: Ես կարծում եմ, որ վերանորոգման ծախսերը պետք է լինեն բյուջեի հաշվին»: Իսկ ՀԱԿ խմբակցության մեկ այլ անդամ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հիշեցրեց, որ մեր պետական պարտքը մեծանում է ամեն անգամ վարկ վերցնելիս, եւ այն հատեց հինգ միլիարդի սահմանագիծը: Նա ընդգծեց, որ այս վարկային համաձայնագրին Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն չի տվել, քանի որ ձայների մեծամասնությամբ այն կողմ չի քվեարկվել. «Հանձնաժողովում կա 19 անդամ, սակայն ներկա էր վեց անդամ, սակայն կողմ է քվեարկել չորս պատգամավոր: Աշխարհի բոլոր հաշվիչ մեքենաներով 19:4= է 4.75, սակայն ՀՀԿ համար դա հավասար է չորսի: Սոցիալական ցանցերում անգամ անեկդոտներ են պտտվում՝ եթե այս տրամաբանությամբ որեւէ հանձնաժողով յոթ անդամ ունենա, ապա նախագիծը կանցնի մեկը կողմ ձայնով, իսկ եթե հանձնաժողովում կա երեք անդամ, ապա նախագիծը կանցնի զրո ձայնով, որը ՀՀԿ համար կհամարվի մեկ քառորդ: Ուրեմն, ֆիքսենք, որ ՀՀԿ համար 4 անգամ չորս հավասար է 19-ի: Այդ ժամանակ ՀՀԿ-ն, իրավիճակը փրկելու համար, արագ sms-ով, զանգեցին, կանչեցին ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանին»: Նա ընդգծեց, որ այսօր շատ է շահարկվում, որ վարկ տալիս են այն երկրին, որը ի վիճակի է վճարելու. «Էսօր գյուղացիության մեծ մասը վարկերի տակ է, սակայն չի կարողանում փակել: ՀՀ-ն այսօր ոչ նախանձելի վիճակում է»: