Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդգես  Գասպարի. «Հեռու մնացեք ինձանից»

Քաղաքականություն
Vardges-Gaspari-1

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին դիմում  է գրել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանին եւ պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանին: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ: «Հայտնում եմ, որ երեկ փետրվարի 3-ին ստացել եմ ՀՊԳ ուղարկած ձեր գրության պատճենը, որով լկտիաբար ստելով հայտարարել եք, որ ես հրաժարվել եմ իմ պաշտպաններ Դավիթ Գյուրջյանից եւ Տիգրան Եգորյանից, ինչը ՀՀ պաշտոնատար անձանց, այդ թվում դատավորներիդ բնորոշ  անբարո վարքագծի եւս մեկ ապացույց է: Կրկին ընդգծում եմ, որ ես չեմ հրաժարվել իմ պաշտպաններից եւ ոչ մեկից եւ  ընդգծում եմ, որ միայն փաստաբաններ  Դավիթ Գյուրջյանը,  Լուսինե Հակոբյանը եւ Տիգրան Եգորյանն են հանդիսանում իմ օրինական ներկայացուցիչները,  իսկ ոչ մի Հանրային պաշտպանի, այդ թվում Լյուդվիգ  Ավետիսյանին ես չեմ լիազորել և չեմ թույլատրում ներկայանալ, որպես իմ պաշտպանը: Պահանջում  եմ սա ընդունել , ձեր կողմից օրենքի խախտմամբ նշանակված Հանրային պաշտպանից  հրաժարվելու փաստ: Գործող ապօրինի իշխանության կամակատար դատավորներիդ ճիգերը փոխարինելու իմ օրինական պաշտպաններին ձեր «հանրային պաշտպան» ծպտյալ գործակալներով վկայում է ձեր  անբարո, ստոր էության մասին: Իսկ դուք ՀՊԳ  ղեկավար, եթե ընդամենը  մի դատավորի անօրինական կարգադրությանը չեք կարողանում դիմակայել, ապա դուք ի՞նչ պաշտպան… Փոխեք ձեր գրասենյակի անունը,  դարձրեք օրինակ՝ ՀՀ դատախազությանը կից փաստաբանական գրասենյակ: ՀՊԳ  ղեկավար եւ փաստաբան Լ. Ավետիսյան, ասեք՝  դուք ի՞նչ լիազորությամբ եք ստանձնել իմ գործի նյութերին ծանոթանալու հանգամանքը, ո՞վ դա ձեզ տվեց… Անամոթներ, թույլ չեմ տալիս ինձ և իմ գործերի հետ առնչվեք… ՀԵՌՈՒ ՄՆԱՑԵՔ ԻՆՁԱՆԻՑ…»,- գրել է նա: Հիշեցնենք, որ Գասպարին մեղադրվում է դատական նիստերից մեկի ժամանակ ոստիկանության երկու ներկայացուցչի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու եւ դատական նիստի բնականոն ընթացքը խախտելու մեջ: