Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ նախընտրական վարկ՝ ժողովրդի պարտքի հաշվին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
f4ae6f040c59bc695df569edb108f7a8

ՀՀ եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ 2015թ. օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի քննարկմանը այսօր ԱԺ-ում ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը հանդես եկավ, ըստ էության, ինքնախոստովանությամբ: Նա հանդես էր գալիս որպես հարակից զեկուցող ԱԺ Ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովից: ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս վարկային համաձայնագրով վերանորոգվելու է 4 մարզի 7 ճանապարհ. «Սակայն ուզում եմ իմանալ՝ վերջին անգամ պետությունը ե՞րբ է  փող ծախսել այդ ճանապարհները վերանորոգելու համար: Ըստ էության, այս վարկային միջոցներով նախկինում արված ատկատների հանցանքները վերացնում ենք: Վարկի մի մասը օգտագործվելու է հաջորդ տարի, այսինքն, ընտրական նպատակներով ու ՀՀԿ ներկայացուցիչները կատոկների վերեւը կկանգնեն, թեւերը խաչած կասեն՝ տեսեք ժողովուրդ, ոնց ենք աշխատում: Սակայն ժողովրդի վզին է նստած այդ վարկի պարտքը: Կարող եք ասել՝ երաշխիքը ո՞րն է, որ այդպես չպետք է լինի: Կարո՞ղ եք բարձրաձայն ասել, որ այդ ծրագրերը ոչ մի կապ չունեն ՀՀԿ հետ, քանի որ դրանք ժողովրդի պարտքի հաշվին կառուցվող ճանապարհներ են»: Խոսրով Հարությունյանը հայտարարեց, որ դա ճիշտ հարցադրում է ու նման տեղեկատվություն պետք է պահանջել. «Նախարարությունը եւս մտահոգ է, որ ծախսերը արդյունավետ լինեն: Անշուշտ, երբ ձեւավորվում է որեւէ իշխանություն, ապա իր նախընտրական ծրագրին համապատասխան պետք է կառուցի իր պետական կառույցների աշխատանքը: ՀՀԿ-ն որեւէ արտառոց բան չի անելու, այլ կատարելու է նախընտրական խոստումները, եւ դրա համար, այո, բյուջետային միջոցներն էլ է օգտագործելու: Օրինակ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որ եկավ իշխանության, արտաքին պարտքից հրաժարվե՞ց, ոչ: Իսկ, օրինակ, ՀՀ նախկին իշխանություններն այդպիսի բան չե՞ն արել, արել են: Այնպես որ, սա շատ բնական է: Անգամ անտրամաբանական կլիներ, եթե լիներ ճիշտ հակառակը: Խնդիրն այն է՝ արդյունավե՞տ է դա արվում, թե ոչ»: Խոսրով Հարությունյանի այս խոսքերը ՀԱԿ խմբակցության անդամների շրջանում ծիծաղ առաջացրեց: Նիկոլ Փաշինյանը ծիծաղելով ասաց. «Ես, իհարկե, չգիտեմ՝ նախկին իշխանություն ասելով՝ ում, ինչ նկատի ունեք. ես երբեք իշխանություն չեմ եղել նախկինում, ապագայում միգուցե: Իսկ նախկին իշխանությունը դուք եք, Գալուստ Սահակյանն է...Դուք փարատեցիք իմ մտահոգությունները. սա կարելի է համարել ՀՀԿ նախընտրական վարկ: Ես դեմ եմ քվեարկելու»: «Ինչ ուզում եք ասեք, ես այն կանվանեմ՝ պետության կողմից իրականացվող քաղաքականություն, որի համար պատասխանատու է ԱԺ մեծամասնությունը: Նոր բացահայտումներ չենք անում»,- հայտարարեց Խոսրով Հարությունյանը: