Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջգյուղական ճանապարհներն ինչ հաճախականությամբ պետք է վերանորոգվեն (տեսանյութ)

Քաղաքականություն
104_2562

ԱԺ-ն այսօր շարունակեց  քննարկել ՀՀ եւ վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ 2015թ. օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը: Փաստաթղթով նախատեսվում է, որ ՎԶՄԲ-ն  25 տարի մարման ժամկետով Հայաստանին կտրամադրի 40 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ: Ծրագրի նպատակն է բարելավել ընտրված կենսական նշանակության ճանապարհները, մասնավորապես գյուղական համայնքներն արդի ճանապարհային ցանցի միջոցով կապել մայրուղիներին եւ հանրապետական ու միջպետական նշանակության  ճանապարհներին: Տարնսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանի տեղեկացմամբ՝  ծրագիրը շարունակական է, այն մեկնարկել է 2013թ. նախատեսվում է վերակառուցել 190 կմ ճանապարհ: ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հարց ուղղելով հարակից զեկուցող Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին, հետաքրքրվեց արդյոք այս կամ այն օբյեկտը պե՞տք է վերանորոգվի արտաքին պարտքի շնորհիվ. «Չեմ ուզում ձեզ նեղը գցել, պարոն Զաքարյան, քանի որ պարտավոր չեք իմանալ, եթե Տրանսպորտի նախարարի տեղակալը գիտի, թող ինքը պատասխանի՝ միջգյուղական ճանապարհները քանի՞ տարին մեկ պետք է վերանորոգվեն...»: Արտակ Զաքարյանը նշեց, որ իսկապես ինքը տեղյակ չէ, թե որքան ժամանակը մեկ պետք է վերանորոգվեն միջգյուղական ճանապարհները. «Սակայն անկախ նրանից՝ ժամանակն է, թե ոչ, կարծում եմ, ավելի հաճախակի պետք է վերանորոգվեն դրանք, քանի որ մեր կլիմայական պայմաններից ելնելով՝ հաճախակի  անբարենպաստ են դառնում շատ ճանապարհներ: Ինչ վերաբերում է վարկերի անհրաժեշտությանը, ապա երբեմն պետք է վարկային միջոցների հաշվին վերանորոգվեն»: