«Մրցույթները հիմնականում շահում են ՀՀԿ-ի հետ առնչություն ունեցողները» (տեսանյութ)
ԱԺ-ն այսօր շարունակեց քննարկել ՀՀ եւ վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ 2015թ. օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը: ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, հարց ուղղելով Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին, հետաքրքրվեց՝ արդյոք ատկատներ կա՞ն ճանապարհաշինության ոլորտում. «Որոշակի հակասություն է առաջանում Սերժ Սարգսյանի եւ ձեր նախարարի հայտարարությունների մեջ. Սերժ Սարգսյանն ասում է, որ պետք է ատկատները վերացնել, իսկ ձեր նախարարն ասում է՝ ատկատներ չկան: Հիմա ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ մեխանիզմներով եք կարողացել հաղթահարել ատկատները ու պատասխանատվության ենթարկվողներ եղե՞լ են, թե ոչ»: Նրա խոսքերով՝ նախընտրական շրջան ենք թեւակոխում եւ իշխանական մեծամասնության թեկնածուների համար մոդայիկ պրակտիկա է ասֆալտ անելով ընտրողների սիրտը շահելը. «Մարդիկ չեն էլ իմանում, որ դա վարկային ծրագրերով են անում, որոնք, ըստ էության, հենց քաղաքացիների փողով են իրենց լավություն անում: Օրինակ՝ ըստ որոշ լուրերի, ճանապարհաշինության տրանշներից մեկը շահել է Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հետ կապ ունեցող մի ընկերությունը»: Արթուր Առաքելյանը պատասխանելով ասաց, որ իրենք աշխատում են թափանցիկ եւ ճանապարհների ընտրությունն ու պայմանագրերի շնորհումը, բոլոր այդ փուլերը դարձրել են հանրամատչելի. «Ճանապարհային խորհուրդ է ստեղծվել ու որոշումները միանձնյա չեն լինում: Կան հստակ մաթեմատիկական հաշվարկներ: Բոլոր մրցույթներին մենք ունենում ենք բազմաթիվ մասնակիցներ, եւ արատավոր երևույթների ռիսկերը առավելագույնս նվազեցված են: Ծրագրի արդյունքում մենք ունենում ենք տնտեսումներ: Ինչ վերաբերում է նախընտրական տարվան, ապա մենք առավելագույնս ձգտում ենք մեր պրոֆեսիոնալ խնդիրների վրա կենտրոնանալ: Մեր բազմաթիվ համայնքներում բազմաթիվ խնդիրներ ունենք ճանապարհային, դրա համար մի փոքր չհասկացա ձեր մյուս հարցի ուղղվածությունը»: Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց. «Վարկը վերցնում է պետությունը, ըստ էության, ժողովուրդը, եւ դրանք հիմնականում շահում են ՀՀԿ հետ առնչություն ունեցող ընկերությունները: Եղած շահույթները, որոնք ժողովրդի գումարներն են, ընտրությունների ժամանակ իշխանական մեծամասնությունը ասֆալտապատման վրա են օգտագործում»: Փոխնախարարը նշեց՝ եթե շատ կարճ անալիզի ենթարկվի իրենց մրցույթները, ապա կտեսնեն, որ անհնար է երաշխավորել, որ «իքս» կազմակերպություն նախապես կարող է հաղթել. «Գնումների ոլորտը ամենառիսկայինն է: Թե որ համայնքում ճանապարհի վերանորոգում կիրականացվի, գործում է թափանցիկ մեխանիզմ»: Ի դեպ, Արթուր Առաքելյանը, պատասխանելով նաեւ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին, այնուհետեւ գնաց նրա կողքին նստեց ու շարունակեց քննարկումը: Իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ տեղի է ունեցել Հաշվիչ հանձնաժողովի նիստ, որի ժամանակ նախագահ է վերընտրվել ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը, քարտուղար՝ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը: