«Եթե մի բան ուզում եք կործանվի, Տիգրան Սարգսյանին ուղարկեք» (տեսանյութ)
ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը Ռուսաստանի կողմից հայկական որոշ մթերքների նկատմամբ արգելքը պայմանավորում է զուտ տեխնիկական խնդիրներով։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ ՌԴ-ն չափանիշներ ունի, որոնց հայկական կաթնամթերքը չի համապատասխանում։ «Ես խնդրի լուծման դեղատոմս չեմ կարող առաջարկել։ Հազիվ թե խնդիրը մեծապես Հայաստանից կախված լինի։ Ժամանակը կանցնի, եւ այդ խնդիրը լուծում կստանա»,- հայտարարեց նա։ Ի տարբերություն ՀՀԿ-ական պատգամավորի, ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանն այդքան էլ լավատես չէ այս հարցում։ «Հետեւություններ պետք է անենք, թե ինչու է գյուղնախարարությունը տանուլ տվել հիվանդությունների դեմ պայքարում։ Դաբաղը եւ մյուս հիվանդությունները՝ բրուցելոզ, սիբիրյան ախտ, դիվերսիայի հետեւանք են։ Դաբաղը գալիս է Թուրքիայից»,-նշեց նա։ Անդրադառնալով ԵՏՄ-Հայաստան հարաբերություններին եւ Տիգրան Սարգսյանի՝ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահի պաշտոնում նշանակմանը, Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ Հայաստանի տնտեսությանը նորից կործանում է սպառնում։ «Եթե մի բան ուզում եք կործանվի, Տիգրան Սարգսյանին ուղարկեք։ 11,4 տոկոսով վերցրեց աղքատության շեմը, 36,7-ով թողեց բարեհաջող։ Մայրցամաքի վրա չեք կարող ասել մի երկրորդ երկիր, որտեղ ոսկու ակտիվները վերածվեցին թղթի, հետո պարզվեց, որ ոսկին չորս անգամ թանկացավ, եւ Հայաստանը 50 միլիոն դոլարի վնաս կրեց»։