Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԸ

Սպորտ

Վաղը ժամը 15:00-ին «Գանձասար» - «Միկա-2» եւ «Փյունիկ-2» - «Բանանց-2» հանդիպումներով մեկնարկում է ֆուտբոլի 2006թ. Հայաստանի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են 12 թիմեր: Հաջորդ օրը նույն ժամին տեղի կունենան «Արարատ» -«Արարատ-2», «Շիրակ»-«Հայ-Արի» հանդիպումները:

Պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 1-ին եւ 2-ին, որից հետո հաղթողները դուրս կգան քառորդ եզրափակիչ, որտեղ նրանց կմիանան 2005թ. գավաթակիր «Միկան», չեմպիոն «Փյունիկը», բրոնզե մեդալակիր «Բանանցը» եւ գավաթի նախորդ խաղարկության եզրափակիչի մասնակից «Կիլիկիան»: Հիմնական պայքարը կընթանա վերջին 4 թիմերի միջեւ, որոնց կարող է միանալ նաեւ «Արարատ», ինչպես նաեւ Կապանի «Գանձասարը»:

Կապանցիները վեջերս կայացած Հունան Ավետիսյանի մրցաշարում վստահ հաղթանակ տոնեցին` եւս մեկ անգամ ապացուցելով, որ այս մրցաշրջանում լուրջ մտադրություններ ունեն: Բարձրագույն խմբի մասնակցելու հայտ ներկայացրած թիմերից գավաթի խաղարկությանը չի մասնակցի միայն «Ուլիսը»՝ նախկին «Դինամո Զենիթը», որը միայն մարտին է վերակազմավորվել, ուստի դեռ պատրաստ չէ լուրջ պայքարի մեջ մտնել:

Ինչպես հայտնի գավաթակիրը հնարավորություն կստանա այս տարի մասնակցել ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման 1-ին փուլին, ինչն էլ համարվում է Հայաստանի գավաթի խաղարկության գլխավոր ինտրիգը: Չեմպիոն «Փյունիկը» եւ փոխչեմպիոն «Միկան» արդեն իրավունք ունենք մասնակցելու եվրոգավաթներին, եւ եթե նրանցից մեկը նվաճի գավաթը, ապա ՈւԵՖԱ-ի գավաթին կմասնակցի բրոնզե մեդալակիր «Բանանցը»: