Գասպարիի դեմ 2-րդ քրեական գործն է հարուցվել. Նա կնոջ հուզմունքի առիթ էր դարձել
Հատուկ Քննչական ծառայությունը երեկ քրեական գործ է հարուցել «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ դիտորդ Վարդգես Գասպարիի դեմ՝ դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի ընթացքում հանձնաժողովի աշխատանքին եւ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար: «Անտեր վիճակ է, ոնց ուզում են, այնպես էլ անում են: Ամենաթողություն, ուրիշ բան չեմ կարող ասել»,- «Ա1+»-ին ասաց Վարդգես Գասպարին: Նրա խոսքերով՝ այդ ամենը տեղի է ունեցել, երբ 9/15 ընտրատեղամասում քաղաքացի Զոյա Խաչատրյանը եկել է քվեարկության եւ պարզել, որ իր փոխարեն արդեն քվեարկված է: «Տեսախցիկով նկարահանել էի այդ փաստը: Մեղադրականում նշված է, որ դա առիթ է հանդիսացել, որ Զոյա Խաչատրյանը հուզվի եւ այլեւս չկարողանա քվեարկել: Բայց չի պատասխանում այն հարցին՝ լավ Զոյա Խաչատրյանի փոխարեն ստորագրված էր՝ ո՞նց էր ինքը քվեարկելու»: Նրան զարմացնում է այն հանգամանքը, որ ուրիշի փոխարեն քվեարկելու փաստի առիթով գործ չի հարուցվել, մինչդեռ իրեն մեղադրում են «խիստ մոտ տարածությունից եւ հանդուգն եղանակով նկարահանելու եւ հոգեբանական ճնշում գործադրելու համար հանձնաժողովի անդամների նկատմամբ»: «Եթե հանձնաժողովականներն ինչ- որ անօրինական գործողություններ չէին անում, ընտրակեղծիքների մեջ չէին, ինչու պետք է իրենց նկատմամբ հոգեբանական ճնշում զգային, ես այնտեղ դիտորդ էի»,- ասում է Վարդգես Գասպարին: Գասպարին հիշում է, որ դեկտեմբերի 6-ին իրեն ժամը 17,00-ին տարել են ոստիկանական բաժանմունք, որտեղ պահել են 3 ժամ, արդյունքում չի կարողացել մասնակցել քվեաթերթիկների հաշվարկին: Դիտորդ Գասպարին վերադարձել է, բայց նրան ընտրատեղամաս չեն թողել: