Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղպայմանագիրը մեկնարկում է վստահված անձանց հավաքը (տեսանյութ)

Քաղաքականություն
qax

«Քաղաքացիական պայմանագիրը» սկսում է 6000-ի գրանցումը. Առաջիկա ընտրություններին ընտրատեղամասում 3-ական վստահված անձ ունենալու համար այսօրվանից գործելու է V6000.am կայքը, որտեղ ցանկացած քաղաքացի կարող գրանցվել եւ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ դառնալ  վստահված անձ: «Այս հավաքին միանալու համար Քաղաքացիական պայմանագրին անդամակցելը ցանկալի է, բայց պարտադիր չէ: Վաղվանից տարբեր ակցիաների միջոցով մենք փորձելու ենք հավաքել այդ մարդկանց, որպեսզի եկող տարի ապրիլին մենք ունենաք այդ թիվը»,- նշեց Քաղաքացիական պայմանագրի վարչության փոխնախագահ Լենա Նազարյանը: Կայքը լինելու է բաց ու թափանցիկ՝ վստահեցնում են Քաղպայմանագրի վարչության անդամները: Ամեն օր մարդիկ հնարավորություն ունեն մտնել կայք, տեսնել քանի մարդ է գրանցվել, դիտել ուսուցողական տեսահոլովակներ ընտրությունների մասին:  «Ա1+»-ի հարցին, թե կհրապարակվե՞ն արդյոք գրանցվողների անուն-ազգանունները, Լենա Նազարյանը պատասխանեց. «Ո՛չ, անուններ չեն լինելու, մենք անձնական տվյալներ ենք պահելու, որոնք գաղտի են մնալու»: «Ա1+»-ի մեկ այլ հարցի, թե համովա՞ծ են արդյոք, որ նման կերպ կկարողանան կանխել ընտրակեղծարարությունը, Լենա Նազարյանը պատասխանեց. «Ընտրակեղծիքներ, իհարկե, կլինեն, այդ մարդիկ պետք է կանխեն դա կամ գոնե  արձանագրեն՝ վիդեո կամ ֆոտո նկարահանման միջոցով, որպեսզի մենք հետագայում ունենանք փաստեր»: «Եթե մենք բոլոր՝ 2000 տեղամասերում ունենանք մարդիկ, նրանց համար շատ դժվար է լինելու որեւէ բան անել»,- հավելեց Քաղաքացիական պայմանագրի վարչության նախագահ  Արայիկ Հարությունյանը: Քաղաքացիական պայմանագիրը  չի բացառում նաեւ, որ կարող է  համագործակցել  այլ ուժերի հետ. «Բայց այն պետք է լինի կոնկրետ նպատակի շուրջ: Դաշինքներ կազմելու հարցը վերապահված է խորհրդին, սակայն մենք տեսել ենք տարբեր ֆորմատների ու ձեւերի դաշինքներ, դրանք հաջողության մինչեւ այսօր չեն հասել»,- նշեց Արայիկ Հարությունյանը: Ինչպե՞ս են կուսակցությունում վերաբերվում հնչող այն մեղադրանքներին, թե իրենք իշխանական թեւի ներկայացուցիչներ են. «Նման մեղադրանքների համար ժամանակ չենք վատնում, դա աշխատատար է, եթե ամեն անգամ շեղվենք եւ ժամանակ  տրամադրենք այդպիսի բաներին, կտուժի գործը»: Ի դեպ, կուսակցությունը կմասնակցի 2017 թվականի ընտրություններին, եթե անգամ չհավաքի 6000 հետեւորդ եւ չկարողանա ապահովել բավարար թվով դիտորդներ. «Կարեւորը վստահ լինենք, որ հաղթելու ենք, իսկ դա մեկ տարում կհասկանանք»,- ասաց Արայիկ Հարությունյանը: