Ըստ փաստաթղթի՝ կառավարական նոր համալիրը կառուցել է պատգամավորի եղբայրը (տեսանյութ)
«Ա1+»-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը հերքում է մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ «Սպիտակ տնակ» շինկազմակերպությունը պատկանում է իր որդուն՝ Հայկ Ախոյանին:
«Նման տեղեկությունները սխալ են: Դա պատկանում է իմ եղբորը՝ Ստեփան Ախոյանին: Ընդհանրապես դա եղբորս կազմակերպությունն է և մենք՝ կոնկրետ ես, կապ չունեմ դրա հետ»,-ասաց նա:
Նշենք, որ այդ կազմակերպության միջոցով է կառուցվել Վազգեն Սարգսյան 3 հասցեում տեղակայված կառավարական նոր համալիրը: Սակայն մինչ այդ, կրկին ըստ մամուլում շրջանառվող լուրերի, տվյալ կազմակերպությունը ճանաչվել էր սնանկ:
«Այն այսօր համար մեկ շինարարական կազմակերպություններից է, և տեսաք նաև, որ արժանացավ պետական մրցանակի: Այդ կազմակերպությունն այսօր իր տեխնիկայով և ամեն ինչով ամենահզոր կազմակերպություններից մեկն է Հայաստանում: Այնպես որ, ձեր տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»,-շեշտեց պատգամավորը:
Մեր այն հարցին, թե այդ դեպքում ո՞ր կազմակերպությունն է սնանկ ճանաչվել, Արագած Ախոյանը պատասխանեց. «Եղել է թյուրիմացություն, որը որ հերքվեց, մենք դրա մասին խոսել ենք: Մենք ունենք շատ շինարարական կազմակերպություններ և դրանցից մեկում խնդիրներ էին ծագել: Աշխատողի ուղղակի անուշադրության և անփութության հետևանք էր և թիվն էլ այնպիսի մի թիվ էր չնչին, որ նույնիսկ ամոթ էր դրա համար նման բան անելը: Ուղղակի 1-2 միլիոն դրամի համար նման խնդիր էր առաջացել, որը վերացավ: Դա օրակարգից դուրս եկած հարց է, ոչ մի տեղ դուք չեք կարող կարդալ նման բան և նման բան էլ չկա»:
Նշենք նաև, որ ԱԺ պաշտոնական կայքէջում Արագած Ախոյանի կենսագրության մեջ ևս նշված է, որ նա 2001-2002թթ-ին եղել է «Սպիտակ տնակ» շինարարական ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, 2003-2004թթ՝ «Իտարկո Քոնսթրաքշըն» ՓԲԸ հիմնադիր տնօրեն, 2004-2010թթ.՝ «Հայկ Արշին» ՍՊԸ հիմնադիր տնօրեն, այնուհետ՝ նախագահ:
