Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունները վախեցած մարդ են արտադրում» (տեսանյութ)

Քաղաքականություն
aram-manukyan

ԱԺ-ն այսօր սկսեց քննարկել «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» եւ «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ներկայացմամբ՝ այս նախագծով հստակեցվելու է նպատակային ընդունելության մեխանիզմները՝ ըստ աշխարհագրական տեղակայության: Նախագիծը վերաբերում է մանկավարժությանը, գյուղատնտեսությանը, բժշկագիտությանը: Իր ելույթում Արամ Մանուկյանը հայտարարեց, որ կրթական բնագավառի խնդիրները ակնառու դարձան անցած տարվա դեկտեմբերի վեցին, երբ ուսուցիչներն ընդգրկվեցին իշխանությունների կեղծիքների մեջ, քաղաքական պատվերն իրականացնելու գործի մեջ. «Կեղծիքներին մասնակից են եղել ուսուցիչներ, որոնք իրավունք չունեին ներգրավվելու խուժանի հետ հավասար այդ դեբոշների, լցոնումների, այլանդակություններ կատարելու մեջ: Իշխանությունները հանրակրթական հաստատություններում վախեցած մարդ են արտադրում: Քսան տարվա ընթացքում չորս անգամ պակասել է գիտաշխատողների թիվը: Դպրոցից բուհ անցման ժամանակ մրցունակություն գոյություն չունի: Բժիշկներ են արտադրվում, ոչ թե ավարտում. դրանք այն վախեցած մարդիկ են, որոնք խելոք ենթարկվում են հետո: Նրա վաղվա օրն են  վաճառում, քանի որ կոմպլեքսավորված մարդ են: Ամառը մի փուլ եղավ, ուսանողները ակտիվացան, սակայն քանի ուսանող բերման ենթարկվեց ոստիկանական բաժանմունքներ: Տեսե՞լ եք ԵՊՀ ռեկտորին՝ Սիմոնյանին, ինչ խեղճացած է»: Ըստ նրա՝ կրթական համակարգը ամորձատված է այսօր, քանի որ քաղաքական ճնշումների ներքո է. «Դուք սերունդ եք ոչնչացնում՝ ուսուցիչներին ներգրավելով այդ վատ գործընթացներում: Պետք է նոր նախագիծ մշակվի, որ դատավորների, դատախազների նման ուսուցիչները եւս իրավունք չունենան ներգրավվելու ընտրական գործընթացներում: Ո՞ւր ենք տանում այսպես մեր կրթական համակարգը: Մեր խեղճ քաղաքացին հարուստ չէ, նա հարուստ է, երբ ըմբոստ է: Ուզում եմ հիշեցնել՝ 2014թ. համեմատ 24 տոկոսով ավելացել են ինքնասպանությունները եւ գերակշռում են տղամարդիկ: Չի կարելի սերունդի գլխին այսպիսի մահակ դարձնել կրթությունը: Մի քիչ խիղճ ունեցեք. ամբողջ ՀՀԿ-ն գրավել է բուհերը, մի հատ էլ հիմնադրամներ է ստեղծել, որ բուհերի գումարների հաշվին իրագործվեն ՀՀԿ-ականների ծրագրերը»: Նրա ելույթին արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ասելով. «Ուսուցիչներին մեղադրել կոռուպցիայի մեջ կարող եք, քանի որ իրենք չեն կարող արձագանքել ոչ թե որովհետեւ վախենում են, այլ իրենց թույլ չեն տա: Հաջորդն էլ, ըստ ձեզ, պետք է լինեն բժիշկները ու այդպես շարունակ: Եկեք ՔրՕր-ում փոփոխություն կատարենք, որ ով ՀԱԿ-ին ձայն չտա, ընտրության իրավունք չունի: Կարելի էր մի բան էլ նախագծից խոսել: Սա ինչ է նշանակում: Նիկոլ Փաշինյանը իբր մի հնարք է գտել, ասում է, թե ես ԱԺ ամբիոնն ասում եմ չքաղաքականացնել: Ես ընդամենն ասում էի, որ սա միտինգային ամբիոն չէ, նման ելույթների համար էի ասում»: