Լևոն Զուրաբյանը հիշեցնում է ՄԻՊ վերջին գործողությունները
Լեւոն Զուրաբյանը գիտի, թե ինչու ՄԻՊ-ը հրաժարական տվեց. «Նրա վրա եղան անթաքույց ճնշումներ, նախ՝ պատգամավորի կողմից, հետո ԿԳ նախարարի կողմից: Սրանք աննախադեպ էին, քանի որ նման բան չէր եղել, ՄԻՊ-ի նկատմամբ: ՄԻՊ-ը սկսել էր ազդել իշխանության վրա, hատկապես երբ իր զեկույցում նշել էր դատական համակարգի անգամ կաշառքի դրույքաչափերը: Լուրջ արձագանք էր տրվել նաեւ ոստիկանության բռնի գործողություններին»: Զուրաբյանը հիշեցնում է, որ ՄԻՊ-ը ակտիվ գործակցեց Սահմանադրական հանրաքվեի ժամանակ՝ ընտրակեղծիքները բացահայտելիս: Ըստ նրա, դա նույնպես ազդեց. «Ակնհայտ է, որ ճնշումներ են եղել, բայց դա իհարկե չի արդարացնում նրան, նա պետք է իր առաքելությանը անդավաճան մնար, անգամ, եթե ճնշումներ են եղել»: ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը չի հասկանում, թե ինչպես են մեր երկրում պաշտոնյաները հրաժարական տալիս. «Մեկը գնում է Հունաստան հանգստանալու, հետո իմանում է, որ նախարար չի, մյուսը կառավարության նիստ է անում, մարդկանց հետ հանդիպում է նշանակում, հետո պարզվում է, որ էլ վարչապետ չի: Հիմա էս մեկն էլ ռուբիկ-կուբիկական ռեբուսներով է ուզում հասկացնել, թե ինչու հրաժարական տվեց, դե չենք հասկանում, արի՛ ամբիոնի մոտ կանգնի բացատրի»,- հայտարարեց տիկին Զոհրաբյանը՝ հայտարարելով, որ ԲՀԿ-ն առաջարկություն է ներկայացնելու, որ այսուհետ ՄԻՊ-ը հաշվետու լինի ԱԺ-ում: Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ մենք արդեն 20 օր է՝ օմբուդսմեն չունենք եւ հարց է տալիս. «Մի բան փոխվե՞լ է, չէ՛, ես ուզում եմ մենք այնպիսի ՄԻՊ ունենանք, որ նրա բացակայության մեկ օրն էլ ազդի իմ երկրի վրա»: