«Բոլորը չէ, որ իրականությունը տեսան Բաքվի նավթային աշտարակից» (տեսանյութ)
5-րդ գումարման ԱԺ 9-րդ նստաշրջանի մեկնարկն այսօր տրվեց ՀՀ օրհներգի հնչյունների ներքո: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, եւ նոր օմբուդսմենի ընտրությունները կանցկացվեն պաշտոնը թափուր մնալուց սկսած մեկ ամսվա ընթացքում: Նա նաեւ անդրադարձավ ԵԽԽՎ-ում քննարկված երկու հակահայկական զեկույցներին եւ նրանցից մեկի՝ ԼՂՀ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ընդունված բանաձեւին: Գալուստ Սահակյանը շնորհակալություն հայտնեց բոլոր պատգամավորներին, որոնք միջազգային տարբեր կառույցներում արժանապատվորեն կարողացան ներկայացնել տվյալ հարցերի իսկությունն ու ենթատեքստերը, շարժառիթներն ու հնարավոր հետեւանքները. «Այս զեկույցների քննարկումները բարերար ազդեցություն ունեցան մեր խորհրդարանական գործունեության վրա՝ միասին գործելու ու համատեղ ջանքերով նպատակին հասնելու համար: Միջկուսակցական վիճաբանություններն ու տարաձայնությունները չխոչընդոտեցին, որ միասնականություն դրսեւորենք՝ ի շահ ՀՀ եւ ԼՂՀ: Նաեւ երախտագիտություն եմ ուզում հայտնել Սփյուռքին, որը եւս սատար կանգնեց: Անկախ քվեարկության արդյունքներից՝ ԵԽԽՎ որեւէ բանաձեւ պետք չէ դիտարկել որպես պարտություն կամ հաղթանակ: Պարտությունը որբ է, իսկ հաղթանակը բազում տերեր ունի: Լավ է, երբ ԵԽԽՎ-ում բոլորը չէ, որ իրականությունը տեսան Բաքվի նավթային աշտարակից: Կոչ կանեմ քաղաքական ու քաղաքագիտական էժանագին շահարկումների առարկա չդարձնել այդ հարցը»: