Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՈՉ-ՈՔԻ

Սպորտ

Շախմատի Հայաստանի 2006թ. առաջնությունում կայացան 6-րդ տուրի հանդիպումները, որի 5 պարտիաներից ընդամենը մեկում գրանցվեց ոչ-ոքի: Նման ելք գրանցվեց Կարեն Ասրյան- Տիգրան Լ.Պետրոսյան մրցամարտում: 1-ին տեղում ընթացող Արտաշես Մինասյանը սեւերով վստահ հաղթանակ տոնեց առաջնության ամենակրտսեր մասնակից եւ ամենացածր վարկանիշ ունեցող Դավիթ Քալաշյանի նկատմամբ:

Վերջինս առայժմ կես միավորով Արա Մինասյանի հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը, իսկ Արտաշես Մինասյանը 5 միավորով գլխավորում է այն: Այս տուրում անակնկալ գրանցվեց Տիգրան Նալբանդյան - Արման Փաշիկյան մրցավեճում, որտեղ հաջողության հասավ երիտասարդ Փաշիկյանը՝ իր միավորների քանակը հասցնելով 4-ի: Այս ցուցանիշով Փաշիկյանը Աշոտ Անաստասյանի հետ միասին ընթանում է 2-րդ տեղում:

Անաստասյանը այս տուրում սպիտակներով առավելության հասավ Արա Մինասյանի նկատմամբ: Անցած տուրում Ասրյանին անսպասելիորեն պարտության մատնած Տիգրան Թոթանջյանը այս տուրում նույնպես հաղթանակ տոնեց` այս անգամ հաղթելով կանանց հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանին:

Կանանց պայքարում 5.5 միավորով առաջին տեղում ամրապնդվեց Նելլի Աղինյանը, որը մինչ այդ մրցաշարային աղյուսակը գլխավորում էր Սիրանուշ Անդրեասյանի հետ, սակայն այս տուրում Անդրեասյանը, կրելով իր անդրանիկ պարտությունը, նահանջեց 2-րդ տեղ: