«Թույլ սպայական աշխատանքի պատճառով է, որ զինվորներն իրար դեմ են դուրս գալիս» (տեսանյութ)
Հայկական բանակը տարածաշրջանում ամենազորավորն է. կարծում է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: Ըստ նրա՝ մեր բանակը հեղինակություն է. «Ես չեմ ասում իդեալական վիճակում է, բայց կարծում եմ կատարելագործվում է, ես այսօր տեսնում եմ զինվորների անհատական պատրաստվածության մակարդակը: Այն ավելի լավը պետք է լինի, պետք է այնպիսին լինեն, որ թշնամու ոչ մի դիպուկահար չկարողանա նրան կրակել»: Հարցին, թե ինչպես է բանաստեղծը վերաբերվում նրան, որ հայ զինվորները զոհվում են նաեւ ոչ մարտական գործողությունների ժամանակ, Ռազմիկ Դավոյանը պատասխանեց: «Կարծում եմ՝ դա թույլ սպայական աշխատանքի պատճառով է, որ զինվորներն իրար դեմ են դուրս գալիս, այդ խնդիրը պետք է լուծվի»: Իսկ այն բարձրաստիճան պաշտոնյաների տղաներին, որոնք խուսափում են ծառայությունից, Ռազմիկ Դավոյանը խորհուրդ տվեց. «Կմաղթեմ, որ խելքները գլուխները հավաքեն, նրանք պետք է հասկանան, որ հայրենիքից թանկ բան չկա: Կարծում եմ՝ գոնե այդ երիտասարդների մայրերը պետք է ճիշտ դաստիարակություն տան»: «Ա1+»-ի հարցին, թե փոխվե՞լ է արդյոք բանակը ստեղծման օրվանից սկսած, եւ քաղաքականացվա՞ծ է արդյոք այն այսօր, Ռազմիկ Դավոյանը պատասխանեց. «Շատ է փոխվել բանակը, ավելի լավն է դարձել, ձեռքբերումներ ունի բազմաթիվ: Բանակը քաղաքականության հետ գործ չունի, այն պետք է երկրի պաշտպանության հարցը լուծի, ինչն էլ, կարծում եմ, անում է»: