«Կռվող են ներկայացնում մարդկանց, որոնք քրտնել են միայն փող տանելով» (տեսանյութ)
Մենք դեռ չավարտված պատերազմ ունենք, եւ մեր բանակի հաշվին է, որ այսօր մենք խաղաղություն ենք թելադրում Ադրբեջանին. համոզված է գեներալ- մայոր Սուրեն Աբրահամյանը։ Նա հիշում է՝ ինչպես ստեղծվեց Հայոց բանակը. «Բավական բարդ ու ծանր խնդիր էր, բայց հավատի շշմելու զգացողություն կար, մենք կարողացանք ապաքաղաքականացնել զենք բռնող մարդուն: Սկզբնական շրջանում կային նկատառումներ, բայց մենք չեզոքացրեցինք դրանք»: Ըստ պարոն Աբրահամյանի՝ հայ զինվորը պետք է լինի օրվա հերոսը: Նրան պետք է ապավինեն մարդիկ, այլապես անվտանգության ոչ մի համակարգ չի գործի. «Ես չեմ սիրում ամպագոռգոռ բառեր, մարտունակ կամ հզոր բանակ, բայց ասում եմ, որ մեր բանակը լավն է ու հոգատարության կարիք ունի»: Գեներալ-մայորը Իսրայելի բանակի կառուցվածքն է ուսումնասիրել։ Նախանձում է, որ մենք չկարողացանաք այդ մթնոլորտը ստեղծել. «Դա մեր առօրյան պետք է լինի՝ կռվելը, ապրելը, մեռնելը: Առանց ճղճիմ բառերի ու առանց տանկի վրա նկարվելու»: Սուրեն Աբրահամյանը միայն ցավում է, որ այսօր կռվող են ներկայացնում մարդկանց, որոնք պետության համար ոչինչ չեն արել. «Այդ մարդիկ քրտնել են միայն փող տանելով, պետության համար բան չեն արել»: Պարոն Աբրահամյանն անուններ չնշեց, բայց չհերքեց, որ այդպիսի մարդիկ այսօրվա վերնախավում կան: