Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը վերջին շրջանում չի տեսել շքեղ կյանքով ապրող զինվորականների

Քաղաքականություն
Untitled4

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի ասուլիսը՝ թարմացված. 17.54  Ինչ վերաբերում է այսօր ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ընդունված բանաձեւին, ապա Պաշտպանության նախարարը կարծում է, որ Արցախի հանրապետության ղեկավարությունը չպետք է ուշադրություն դարձնի այդ ստահոդ նյութերին եւ շարունակի իրականացնել այն խնդիրները, որոնք իրականացնում է: Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաեւ Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դեպքին՝ նշելով. «Անկասկած ՌԴ ՊՆ ղեկավարությունը շատ բացասական է վերաբերվում այդ խնդրին, այդ դեպքին: Իրավական ոլորտում է այսօր գտնվում, բայց այդ դեպքից հետո լուրջ աշխատանք ենք կատարել, որպեսզի Գյումրիի բնակչության եւ ՌԴ զինծառայողների միջեւ ջերմությունը պահպանվի եւ դեռ ավելին՝ կատարելագործվի»: Խոսելով ՀՀ ԶՈՒ ներքին խնդիրների մասին՝ Սեյրան Օհանյանը վստահություն հայտնեց, որ բարձրաստիճան ղեկավարությունն առավոտից մինչեւ երեկո զբաղված է բանակի գործերով: Նախարարը վերջին շրջանում չի տեսել զինվորականների, ովքեր շքեղ կյանքով են ապրում. «Եթե այդպիսի փաստեր կան, կարող եք մեզ ասել, մենք զբաղվենք դրանով»: Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք նախատեսվում է երկարացնել զինվորական ծառայության ժամկետները, նախարարը պատասխանեց, որ ոչ: 17.27. Լրագրողներից մեկի հարցին՝ ինչպես է ստացվում, որ սահմանին սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են ծառայում եւ ոչ պաշտոնյաների, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Վերջին տարիներին մենք բավականին լուրջ աշխատանքներ ենք տարել զորակոչի արդարացի եւ ազնիվ անցկացման ուղղությամբ: Ըստ զորամասերի բաշխման ընթացքում մենք ուշադրություն չենք դարձնում, թե որ ընտանիքներից են նրանք, այլ հաշվի ենք առնում նրանց կարողությունները՝ կրթական ցենզը, ֆիզիկական եւ առողջական հատկանիշները, նաեւ որոշակի սոցիալական խնդիրներ: Ցավոք, չգիտեմ՝ ինչպես է ստացվում այդպես»: Նախարարն անդրադարձավ նաեւ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կատարված Հայկազ Բարսեղյանի աղմկահարույց սպանությանը՝ նշելով. «Հայկազ Բարսեղյանի սպանությունը մեծ ստվեր գցեց ռազմական ինստիտուտի պատմության եւ ղեկավարության աշխատանքի վրա: Ծառայողական քննությունից հետո համապատասխան պաշտոնատար անձիք պատժվել են եւ ազատվել աշխատանքից»: 17.13. 2015 թվականին ՀՀ Զինված ուժերը գործողություններ է իրականացրել չափազանց լարված իրավիճակում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով տարին, հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը. «ՀՀ ԶՈՒ հրամանատարների եւ նրանց ենթակաների հմուտ գործողությունների շնորհիվ կարողացել ենք զսպել եւ կանխարգելել հակառակորդի դիվերսիոն գործողությունները, հարձակումները եւ համեմատաբար խաղաղ իրավիճակի հասել, թեեւ խաղաղ իրավիճակը մեզ համար հարաբերական է: Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակ է»: Նախարարը նշեց նաեւ, որ վերջին երկու տարում բանակում արատավոր բարքերի դեմ պայքարում լուրջ աշխատանք են տարել՝ համագործակցելով կրթական հասատատությունների հետ, «որպեսզի բանակ զորակոչվող զինծառայողների դաստիարակության մեջ զորամասերի հրամանատարները շատ ջանք չթափեն»: 2015 թվականին զինված ուժերում առաջին անգամ մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն է ստեղծվել, որի շնորհիվ, ըստ նախարարի, իրենք կարողացել են չորս ուղղությամբ հասնել արդյունքի. դրանք են՝ մարդկային ռեսուրսների կառավարում, սոցիալական ոլորտ, գնումների գործընթաց եւ զորակոչի անցկացում: