«Ֆեյսբուքյան գրառումների համար պետք է քրեական պատասխանատվություն սահմանել». ՀՀԿ պատգամավոր (տեսանյութ)
Ապագա քաղաքական ծրագրերի հետ կապված մի քանի քաղաքական ուժերի հետ Հանրապետականը հանդիպումների շարք է սկսել, դրանց թվում է նաև ՀՅԴ-ն: «Սա պատահական չի կարող լինել, քանի որ, երբ քննարկվում էր նոր Սահմանադրության տեքստը, այդ ժամանակ արդեն որոշ ուժերի հետ փորձում էինք ընդհանուր եզրեր գտնել»,- ասում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Նա չի բացում նաև փակագծերը՝ ինչ պաշտոններ կզբաղեցնեն դաշնակցականները ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուց հետո. «Չկան այդ փակագծեր, դրա համար էլ չեմ բացում»: Ըստ նրա՝ անկախ ապագայում ձևավորվելիք կոալիցիաների՝ ՀՀԿ-ն կհաղթի նաև 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ու հնարավորություն կունենա միայնակ մեծամասնություն կազմել խորհրդարանում: Իսկ 2017 թվականից հետո ո՞վ կլինի հաջորդ վարչապետը, ԱԺ նախագահը, պարոն Ավետիսյանի պնդմամբ՝ դեռևս կուսակցությունը չի որոշել, սակայն ինքը կարող է մոտ 5 մարդու անուն թվել, ովքեր արժանի են այս պաշտոններն զբաղեցնել: «Բայց կոնկրետ հարցին կոնկրետ անուններով չեմ պատասխանի: Լիդերներին կրկին տեսնում եմ լիդերների շարքում, բայց չեմ կարող ասել՝ ով որտեղ: Գիտեք՝ մարդ ով ունի մեծ քաղաքական դիվիդենտներ, կարծել որ նրան այդ պաշտոնում կրկին տեսնել, դա սխալ է»: Սուքիաս Ավետիսյանը ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ է և դեմ կքվեարկի համակուսակից պատգամավոր Շուշան Պետրոսյանի վարքագծին վերաբերող քննարկումներին: Ինքը Ֆեյսբուքում գրանցված չէ, չի էլ ցանկանում գրանցվել, «քանի որ այնտեղ ով ասես հայհոյում է»: ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ պետք է ֆեյսբուքյան գրառումների համար քրեական պատասխանատվություն սահմանել. «Ես՝ որպես պատգամավոր, կանեի ամեն ինչ,որ եթե ինչ-որ մեկը վիրավորական բառեր է օգտագործել, կրի պատասխանատվություն»: