«Մեր պատգամավորները լավ պատկերացում չունեն Արցախի հիմնահարցի մասին» (տեսանյութ)
«Ինձ համար գրեթե միևնույնն է՝ կընդունվի՞, թե չի ընդունվի այդ բանաձևը , որովհետև մենք բոլորս էլ գիտենք, որ ընդունվելու պարագայում էլ այն պարտադիր բնույթ չի կրում»,-շեշտում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում ԼՂՀ-ի հիմնահարցի հետ կապված հակահայ բանաձևերի մասին: Տիկին Ալավերդյանի խոսքերով՝ եթե ԵԽԽՎ-ում էլ քվեարկում են նման անհեթեթ և ստերի վրա հիմնված որոշումների օգտին, ապա դա նշանակում է, որ ԵԽԽՎ-ում էլ որևէ դրական փոփոխություն չկա: «Դա նշանակում է, որ նույն ծախու և խնդրից անտեղյակ պատգամավորներն են այնտեղ, ովքեր ընդունում են այդպիսի որոշումներ: Մենք իրապես ԵԽԽՎ-ն կարող ենք բնութագրել որպես ծախու, կոռումպացված և չաշխատող մարմին»,-ասաց նա՝ միևնույն ժամանակ հավելելով, որ սակայն, դա չի նշանակում, որ հայկական կողմը այդ քողարկման ներքո պետք է նստի ձեռքները ծալած և որևէ բան չանի այդ ուղղությամբ: Ըստ բանախոսի՝ անընդունելի է, որ հայկական պատվիրակությունն այս ուղղությամբ աշխատի միայն նստաշրջանից նստաշրջան: Այս համատեքստում նա նշում է. «Ես համոզված եմ, որ մեր պատգամավորները լավ պատկերացում չունեն Արցախի հիմնահարցի շուրջ: Պասիվ դիրքորոշման և հայեցակարգի բացակայություն եմ ես տեսնում: Պետք է լինի հստակ հայեցակարգ,որը առաջին նախագահի ժամանակվանից որդեգրած պասիվ քաղաքականությունը վերջապես կմերժեր և կբերեր նոր և ակտիվ քաղաքականություն Հայեցակարգը պետք է կազմվի նախագահի աշխատակազմի և ԱԳՆ-ի համատեղ ջանքերով և այնպիսի հայեցակարգ տրամադրել ԱԺ պատգամավորներին, որոնք ավելի ազատ լինելով պառլամենտական դիվանագիտության մեջ՝ կկարողանան հասնել ինչ-որ արդյունքի: Ես կրկնում եմ, որ խնդիրը տեսնում եմ ոչ թե զուտ անձանց մեջ, այլ այդ հայեցակարգի բացակայության»: