Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ է փոխել Եվրոպայի խորհուրդը հայաստանյան իրականությունում (տեսանյութ)

Քաղաքականություն
get

2001 թվականի հունվարի 25-ին դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ՝ Հայաստանը պարտավորություններ ստանձնեց բարեփոխումներ իրականացնել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի ոլորտներում:  Սակայն, ըստ փորձագետների, պարտավորությունները ոչ լիարժեք են կատարվել: «Այն ազատություններն ու իրավունքները, որոնք ուղղակիորեն չեն ազդում իշխանություն պահելու վրա, ապա այդտեղ որոշակի առաջընթաց կա, այն ազատությունները, որոնք ուղղակիորեն ազդում են իշխանությունը պահպանելու վրա, ապա այդտեղ որևէ առաջընթաց չկա»,- ասում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Իրավապաշտպանի ուսումնասիրությունները ցույց են տվել՝ Հայաստանը հաճախ իրականացնում է օրենսդրական փոփոխություններ, սակայն գործնականում իրավիճակը մնում է անմխիթար: «Հայաստանում ոստիկանական բաժանմունքներում խոշտանգումների հետ կապված բացարձակապես առաջընթաց չկա: Վերջին տարիներին շատ ավելի խորանում է անհանդուրժողականությունը  կրոնական կազմակերպությունների նկատմամբ և ավելի ագրեսիվանում է: Ընտրություններում էլ չկա որևէ առաջընթաց»: 15 տարի առաջ Հայաստանը նաև պարտավորվել էր ունենալ ազատ մեդիա դաշտ, սակայն իշխանությունները շարունակում են վերահսկել հեռուստաոլորտը: «Փաստացի՝ մենք հիմա չունենք իրականում Հանրային ռադիոհեռուստաընկերություն, որովհետև ենթադրվում է, որ հանրային հեռարձակողը պիտի իր գործունեությունը կառուցի այնպես, որ կարգավորվի և ղեկավարվի հանրության շահերից ելնելով»: Ավետիք Իշխանյանն իրական փոփոխություններ չանելու հետևանք է համարում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի շարունական պարտությունների շարքը: «Ինքս դժգոհ եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումից Հայաստանում»: Եվրոպայի խորհրդին անդամակցելու շնորհիվ  է նաև Օմբուդսմենի ինստիտուտի գոյությունը, որը սակայն իշխանությունների հետաքրքրությունների ոլորտում լինելու պատճառով այնքան էլ արդյունավետ չի գործում: Բորիս Նավասարդյանը նշում է. «Օրենսդրական առումով կարծես թե այդ ինստիտուտի գործունեությւոնը ապահովված է, բայց  պրակտիկայում այն այնքան էլ մեծ ներգործություն չունի մարդու իրավունքների պաշտպանության վրա»: Հայաստանը շարունակում է մնալ մոնիթորինգի տակ: 2001 թվականից ի վեր  հատկապես  երկու դեպք է եղել, երբ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի նկատմամբ խիստ դիրքորոշում է ունեցել: «Մեկը 2005 թվականի Սահմանադրական փոփոխությունների ժամանակ էր, երբ որ Հայաստանի իշխանությունները ստիպված էին փոխում Սահմանադրությունը համապատասխանեցնել Եվրոպայի խորհրդի սկզշբունքներին: Երկրորդ խիստ դիրքորոշումը եղավ 2008 թվականի մարտի մեկի դեպքերից հետո, երբ որ Եվրոպայի խորհուրդը հերթական ուլտիմատումը ներկայացրեց»,- նշում է իրավապաշտպանը: Իսկ փաստն այն է, որ  ԵԽ քննադատության չարժանալու համար՝  Հայաստանում առաջին հերթին պետք է անցկացվեն ազատ եւ արդար ընտրություններ։