Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ դեսպանը տեղյակ է՝ ինչպիսին է Գեւորգ Սաֆարյանի խուցը

Քաղաքականություն
em-2

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ափսոսում է Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականի համար. «Նա շատ նվիրված, անկախ և արդարացի մարդ է, ով գտնվում էր իր ճիշտ պաշտոնին»: Դեսպանը հետևում է հայաստանյան ներքաղաքական կյանքին. առաջիկայում չափազանց կարևորում է նոր ընտրական օրենսգրքի մշակումը. «Օրենսգիրք, որը կարտացոլի միջազգային կառույցների, մասնավորապես՝ ԵԱՀԿ-ի առաջարկները: Շատ կարևոր է, որ Հայաստանի բնակչությունը լիովին վստահի հաջորդ ընտրություններին»,- ասաց դեսպանը։ Պարոն Սվիտալսկին թեև սահմանադրական հանրաքվեի խախտումներից տեղյակ է, սակայն 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների թափանցիկ անցկացման հույս դեռևս ունի. «Մենք մեր հավատը չենք կորցնում և գտնում ենք, որ վստահությունը ընտրական գործընթացների հանդեպ Հայաստանի լավ ապագայի նախապայմանն է»: Դեսպանը նաև կոչ է անում իշխանություններին՝ անազատության մեջ գտնվող ակտիվիստներ Հայկ Կյուրեղյանի և Գևորգ Սաֆարյանի բանտային պայմանները համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։ «Հուսով ենք նաեւ, որ արդար դատավարություն կլինի, և եթե պատիժ լինի, դա համաչափ կլինի իրենց արարքին: Եթե պատիժը համաչափ չլինի, ապա դա լավ ազդակ չի լինի Հայաստանի դատաիրավական համակարգի համար»,- ասաց դեսպանը: Հունվարի 21-ին Եվրախորհրդարանում  փաստաթուղթ ընդունեց, որտեղ շեշտվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող գործընթացը միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափն է. «Չեմ կարող մեկնաբանել Եվրախորհրդարանի որևէ հայտարարություն: Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ Եվրամիությունը լիովին օժանդակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին»: Դեսպանը լրագրողների հարցերին պատասխանեց «IDEAS Ներառական որոշումներ հավասար և հաշվետու հասարակության համար» եռամյա ծրագրի փակման արարողությունից հետո։ Եվրամիությունն է ֆինանսավորել Բրիտանական խորհրդի այս ծրագիրը, որի նպատակն էր տեղական ինքնակառավարման մակարդակում որոշումներ ընդունելիս ներգրավել նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց տեսակետները և ներդնել ներառական որոշումների ընդունման հայեցակարգը: