«Ռեինկարնացիան»՝ Կուստուրիցայի փառատոնում,որտեղ իշխում է սերը
Այսօր «Ռեինկարնացիան» ելույթ կունենա Սերբիայում՝ «Կուստենդորֆ» կինոյի և երաժշտության 9-րդ միջազգային փառատոնում։ Հայկական խումբը ելույթ կունենա փառատոնի երաժշտական ծրագրի շրջանակում, որտեղ ընդգրկված են նաև երեք սերբական և մի մոլդովական խումբ: Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ սերբ հանրահայտ կինոռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան և իր «The No Smoking Orchestra»-ն սպասված համերգով Երևանում էր։ Դեկտեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համերգին հաջորդել էր աֆթերփարթին «Մեցցո» ակումբում, որտեղ երեկոյի տրամադրությունն ապահովում էր «Ռեինկարնացիա» խումբը։ Կուստուրիցան ոչ միայն բարձր գնահատական տվեց նրանց երաժշտությանն ու կատարմանը, այլ նաև ելույթ ունեցավ նրանց հետ: Նա այնքան հավանեց խմբին, որ դիմելով կազմակերպիչներին, սիրով հրավիրեց նրանց ելույթ ունենալու իր «Կուստենդորֆ» փառատոնին։ «Կուստենդորֆ» կինոյի և երաժշտության միջազգային ամենամյա փառատոնը տեղի է ունենում 2008 թվականից սերբական Դրվենգրադ էթնոգյուղում, որը Կուստուրիցան կառուցել էր իր «Կյանքը հրաշք է» ֆիլմի համար։ Կուստուրիցայի խոսքով՝ «Կուստենդորֆում», ի տարբերություն այլ փառատոնների, հեղինակները չեն ատում միմյանց, այստեղ իշխում է սերը: