«Հին ընկերները չեն դավաճանում, բայց միայն ՀՀԿ-ին» (տեսանյութ)
Այս պահին ՀՀԿ-ն ընդամենը հանդիպումներ ու զրույցներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի հետ՝ հնարավոր կոալիցիաների ստեղծման համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը՝ ավելացնելով, որ այդ քաղաքական գործընթացը առաջիկայում եւս կշարունակվի, եւ վերջնական որոշումներ դեռեւս կայացված չեն. «Այո, տեղի է ունեցել հանդիպում Սերժ Սարգսյանի, ՀՀԿ եւ ՀՅԴ միջեւ, զրույց, քննարկումներ, որոնց վերջնական արդյունքը դեռեւս հստակեցված չէ: Խոսակցությունները դեռեւս գնում են քաղաքական համագործակցության մասին, որի նպատակը մեր երկրում քաղաքական կայունության ապահովումն է, որն իր հետեից կբերի նաեւ տնտեսական կայունություն, ինչպես նաեւ՝ համագործակցության լայն հնարավորություններ կստեղծի»: Արդյոք ՀՀԿ-ն հավատո՞ւմ է ՀՅԴ հավատարմությանը հարցին պարոն Մելիքյանը հայտարարեց, որ իրենք վստահում են բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք փորձում են համագործակցության կոչով հանդես գալ. «Ինչպես նաեւ՝ նպաստում են քաղաքական կայունությանը, իսկ մնացածը կերեւա իրենց կողմից կատարված աշխատանքների արդյունքում: Ցանկացած քաղաքական համագործակցություն որեւէ երկրում, վերջին հաշվով, ժամանակավոր բնույթ են կրում, դրանք լինում են համագործակցություններ ընտրություններից առաջ՝մինչեւ հաջորդ ընտրություն: Այնպես որ չի կարելի ասել՝ վստահում ենք, թե ոչ: Մենք վստահում ենք մեր ծրագրերն, գործերին»: Լրագրողի դիտարկմանը, թե հանրաքվեից հետո ՀՅԴ կարգախոսը պետք է ձեւակերպել՝ հին ընկերները չեն դավաճանում, սակայն միայն ՀՀԿ-ին, Գագիկ Մելիքյանը ժպիտով ընդունեց. «Ես ընդունում եմ ձեր ասածը՝ կարեւորը ՀՀԿ-ին չեն դավաճանում»: Ինչ վերաբերում է ՀՅԴ հրապարակած 7 կետերին եւ, մասնավորապես, հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչմանը ինչպես է վերաբերում ՀՀԿ-ն, պարոն Մելիքյանն ասաց. «7 կետերի մի մասը արդեն կատարվել է: Ես ողջունում եմ, որ ՀՅԴ-ն համառորեն գնում է իր քաղաքական հայտարարությունների իրագործմանը: Դրանց մի մասը համընկնում էր մեր ծրագրային հիմնադրույթներին»: Ի՞նչ պորտֆելներ կհանձնվի ՀՅԴ-ին, Գագիկ Մելիքյանը դեռ չգիտի. «Դեռեւս պարզ չէ, թե կոալիցիան քանի քաղաքական ուժից կձեւավորվի, այն կլինի նախընտրական թե հետընտրական, որից հետո միայն կլինի պորտֆելների բաժանում»: