Կոալիցիաների պատմությունը. որոշ կուսակցություններ հանկարծ դառնում են ընդդիմադիր (տեսանյութ)
Հայաստանի երրորդ Հանրապետությունում դեռեւս երբեք ընդդիմադիր ուժերը կոալիցիոն կառավարության մաս չեն դարձել: Քաղաքական առաջին կոալիցիան ձեւավորվել է 2003-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք: Մինչեւ նախագահի երկրորդ ժամկետը՝ քաղաքական որեւէ ուժ չներկայացնող Ռոբերտ Քոչարյանը համագործակցում էր քաղաքական տարբեր ուժերի հետ: Պաշտոնական առաջին կոալիցիան ձեւավորվեց 2003-ի մայիսի խորհրդրանական ընտրություններից հետո: Կոալիցիայի մաս կազմեցին Հանրապետականը, Դաշնակցությունը եւ ՕԵԿ-ը: Սովորաբար ՕԵԿ-ը ընդդիմություն էր դառնում ընտրություններից առաջ: Դաշնակցությունը երբեք չհակադրվեց Ռոբերտ Քոչարյանին: Առաջին կոալիցիան փլուզվեց 2006-ին, երբ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից եւ կրկին Ազգային Ժողովի ընտրություններից առաջ դարձավ ընդդիմություն: Երկրորդ կոալիցիան ձեւավորվում է 2007-ի խորհրդարանի ընտրություններից հետո: Վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարությունում միմյանց հետ պատրաստ են աշխատել Հանրապետականն ու Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանը»: Դաշնակցությունն այս երկուսին միացավ համագործակցության հուշագրով: 2008-ին Սերժ Սարգսյանը դարձավ Հայաստանի նախագահ: Կառավարության ղեկավարը փոխվեց, սակայն դա չփոխեց կոալիցիայի դեմքը: Ավելին, հիշյալ երեքին միացավ նաեւ «Օրինաց երկիրը»: Նախագահի պաշտոնում ամրապնդվելուց հետո Սերժ Սարգսյանն սկսեց խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին: Դաշնակցությունը համբերում էր: 2009-ի ապրիլին Ցյուրիխում ստորագրվում են հայ-թուրքական արձանագրությունները: Հաջորդ օրը Դաշնակցությունը հեռանում է կոալիցիայից: Սակայն Սերժ Սարգսյանի հետ են մնում Օրինաց Երկիրը, Բարգավաճ Հայաստանը: 2011-ի նոյեմբերին առաջին նախագահը քաղաքագիտական մի վերլուծությամբ «Բարգավաճ Հայաստանին» ներքաշում է ընդդիմադիր դաշտ: 2012-ի մայիսին ԲՀԿ-ն հրաժարվում է դառնալ նոր ձեւավորվող կառավարության կոալիցիոն անդամ: Հանրապետականը մնում է Օրինաց երկրի հետ: Սակայն 2014-ին Տիգրան Սարգսյանի հետ կոալիցիայից հեռանում է նաեւ Սերժ Սարգսյանի առաջին նախագահության մարտական ընկերը՝ Օրինաց երկիրը: 1995-ից ի վեր Հայաստանում չէր եղել այնպես, որ իշխանությունն իրականացնի միայն մեկ քաղաքական ուժ: Հանրապետականը 2014-ին դարձավ այդ ուժը: Սահմանադրական բարեփոխումների վերջին հանրաքվեից հետո Դաշնակցությունը մտադրություն է հայտնել կոալիցիա կազմել Դաշնակցության հետ: Հանրապետական խմբակցության ղեկավարը շտապել է հայտարարել՝ նախապայմանները թելադրելու ենք մենք: