Դեսպանատների կայքերի վրա հարձակում եղել է, բայց դրանք չեն կոտրվել. ԱԳՆ
ՀՀ դեսպանությունների պաշտոնական կայքէջերը կոտրելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. Հաղորդում է Արտաքին գործերի նախարարությունը՝ միևնույն ժամանակ հաստատելով, որ կայքերի վրա հարձակում եղել է. «Դեսպանությունների պաշտոնական կայքէջերի նկատմամբ իրականացվել է ծավալուն հաքերային հարձակում, որի զարգացումը կանխելու նպատակով, ելնելով անվտանգության նկատառումներից՝ ԱԳՆ մասնագետների կողմից ՀՀ դեսպանությունների պաշտոնական կայքերի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: Իրականացվում են համապատասխան աշխատանքներ կայքէջերի բնականոն գործունեությունը հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնելու համար»: Հիշեցնենք, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը banman.am կայքում գրել էր, որ «այս պահին ադրբեջանական պատկերները կայքերից հեռացված են, փաստացի, այս պահին ոչ մի դեսպանատան կայք չի աշխատում։ Սա առաջին լուրջ հարձակումն է ՀՀ պետական ցանցի հատվածի վրա 2009 թվականի սեպտեմբերից»։