Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը չի կարող Իրանի «բացված» տնտեսությունում ներդրումներ անել. իրանագետ

Քաղաքականություն
arm-iran

Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների վերացումից հետո Հայաստանը հնարավորություն կստանա վերջապես մեծամասշտաբ տնտեսական ծրագրեր իրականացնել: Կարևոր է՝ ավարտին կհասցվի Մեղրու ՀԷԿ-ի կառուցումը, որն ամբողջությամբ իրականացվում է իրանական ֆինանսներով: «Ապասառեցվել է արևմտյան բանկերում պահվող ավելի քան 50 մլրդ դոլար իրանական գումարը, և հույս կա, որ դրա մի մասը կծախսվի Հայաստանի հետ ծրագրեր իրականացնելու վրա: Իրանը կմտնի նավթի ու գազի շուկա, կկարողանա վաճառել գորգ, ձկնկիթ, այլ պետությունների հետ կկարողանա առևտրական պայմանագրեր կնքել: Իհարկե՝ դժվար է ասել, որ Իրանը այդ 50 մլրդ դոլար գումարից 3 մլրդ-ը կտրամադրի Հայաստանի հետ երկաթուղի կառուցելուն, սակայն իրանական ներդրումների կարելի է սպասել»,- նշում է իրանագետ Գոհար Իսկանդարյանը: Ըստ նրա՝ Հայաստանը չունի անհրաժեշտ ֆինանսներ՝ Իրանի «բացված» տնտեսությունում ներդրումներ անելու համար: «Բացի այդ՝ Իրանը զգուշանում է ամեն երկրից ապրանք ներկրել, ապրանքներն այդ երկիր դժվարությամբ են մուտք գործում և Հայաստանն այստեղ ունի աշխատանքներ կատարելու»: Իրանագետը լավատեսորեն է վերաբերվում պատժամիջոցների վերացումից հետո տարածաշրջանային հետագա զարգացումներին: Ըստ նրա՝ Իրանը և Ռուսաստանը դաշնակից երկրներ են և հավասարակշիռ իրավիճակ կառաջանա՝ Թուրքիայի ու Ադրբեջանի նկրտումների դեմ, որոնք սպասարկում են ԱՄՆ-ի շահերը: Նա ռուսական ներկայություն է սպասում նաև Իրան-Հայաստան հարաբերություններում: «Ռուսաստանն իհարկե չի ընդդիմանա մեր և Իրանի միջև տնտեսական ծրագրերի իրականացմանը, սակայն կուզենա անպայման ներգրավվածություն, չափաբաժին ունենալ դրանցում»: