«Զվարթնոցի» հին շենքը միայն քսան տոկոսով է վնասված, որը կարելի է վերականգնել (տեսանյութ)
Քաղաքապետարանի կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի քանդման թույլտվությունը տրված է առանց որեւէ փաստաթղթերի, իսկ առանց դրանց որեւէ շինարարական քանդման աշխատանքներ օրենքով արգելված է. այսօր Մեդիա կենտրոնում հրավիրած քննարկման ժամանակ ասաց ճարտարապետ Անահիտ Թարխանյանը: Նա նշեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը պայմանագրով պետք է պատշաճ ձեւով կառավարվի, ղեկավարվի: «Առանց վարձավճարի է տրվել սեփականատերին հին շենքը, եւ, ըստ պայմանագրի, գումարները, որոնք գոյանում են օդանավակայանից, պետք է ուղղվեն հին շենքի վերականգնմանը: Բոլոր այն շենքերը, որոնք այդ սեփականտերը կառուցում է ՀՀ տարածքում, դառնում են իր սեփականությունը՝ բացի «Զվարթնոցի» էստակադայից»: Ինչ վերաբերում է էստակադայի սեյսմիկ անվտանգության խնդրին, որի վրա հղում է անում քաղաքապետարանը, Անահիտ Թարխանյանը բացարձակ սուտ անվանեց: Քննարկմանը ներկա՝ «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն, հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանն էլ նշեց, որ «Զվարթնոցի» հին շենքը կառուցվել է որպես ստրատեգիկ օբյեկտ: «Սեյսմիկ վտանգը կարելի է չնչին գումարներով վերացնել: Մոտ մեկ տարի առաջ նույն ձեւի մոտեցում եղավ սեփականատիրոջ կողմից, երբ էստակադայի վրա երկու-երեք բան էր աննշան վնասվել, հարց բարձրացվեց քանդել այն: Քաղաքապետարանը ստեղծեց հանձնաժողով, որտեղ ներգրավվեցին ՀՀ լավագույն մասնագտները, որոնք գնացին, տեղում ուսումնասիրեցին եւ ասացին, որ այն մոտավորապես ութսուն տոկոսով նորմալ վիճակում է, իսկ վնասված քսան տոկոսը կարելի է վերանորոգել»,-ասաց նա: Ազիզյանը հավելեց, որ սեփականատիրոջ նոր նախագծով նախատեսվում է պահպանել շենքի կենտրոնական մասը՝ աշտարակը եւ ներքին օղակը, իսկ արտաքին օղակը պնդում են, թե չի համապատասխանում նոր նախագծին: «Իր տեսքով նոր ձեւը համահունչ է նրան, ինչ որ մենք ունենք, այսինքն՝ մեր արտաքին օղակը շատ հանգիստ կարող է ծառայել այն ֆունկիցային, որը կա նոր նախագծում, այն է՝ օդանավակայանի ընդլայնումը»,- եզրափակեց Գրիգոր Ազիզյանը: