«Հարվածեցին որովայնիս, հետո դեմքիս». 16-ամյա Հովհաննեսը հիշում է բռնության դեպքը (տեսանյութ)
Ընդդիմադիր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի համակիր 16-ամյա Հովհաննես Հարությունյանը հանցագործության մասին հողորդում ներկայացրեց ոստիկանության Արաբկիր և Քանաքեռ Զեյթունի բաժին: Հունվարի 12-ի ուշ երեկոյան պատանին ծեծի է ենթարկվել Քանաքեռում գտնվող թիվ 84 դպրոցի մոտակայքում: Խանութից տուն վերադառնալիս նրան երկու անծանոթ տղամարդ է մոտեցել: «Ինձ ասացին, որ հեռու մնամ շարժումից և էլ չգնամ Օպերա: Ես նրանց հասկացրի, որ դա իմ ընտրած ուղին է և ես պետք է որոշեմ՝ ինչ անել, դա նրանց դուրը չեկավ, զայրացան ու սկսեցին հարվածել: Հարվածեցին որովայնիս, հետո դեմքիս»,- բռնության դեպքը հիշում է Հովհաննեսը: Նրա՝ բռնության ենթարկվելու մասին ծնողները միայն հաջորդ օրն են իմացել: Հովհաննեսը ծնվել է Տավուշի մարզի Իծաքար գյուղում, երկու տարի առաջ են ընտանիքով տեղափոխվել Երեւան՝ գոնե այստեղ աշխատանք գտնելու համար։ Նա նշում է. «Մեզ մոտ խավեր են դասավորվել՝ մեծահարուստ, պուզատի, աղքատ, կարծում եմ, որ դրանք պետք չեն: Հիմա մեկը փող չունի մի կտոր հաց ուտելու, իսկ մյուսը այնքան փող ունի, որ օրը մի հատ ավտո է քշում: Դրա համար ուզում եմ, որ տարբերություն չլինի մեր ժողովրդի միջև»: Հիշեցնենք, որ բռնության այս դեպքը վերջին շրջանում միակը չէ ընդդիմադիր «Նոր Հայաստան»-ի անդամների նկատմամբ: Հունվարի 5-ին սեփական տան բակում անհայտ անձինք բռնություն էին կիրառել 23-ամյա Սյուզի Գևորգյանի նկատմամբ: «Նոր Հայաստան» փրկության ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանը պատահական չի համարում նման դրսևորումները հատկապես երիտասարդների նկատմամբ. «Զանգվածաբար է տեղի ունենում հալածանքը, հետապնդումները: Երիտասարդներին հեռացնելու, ճնշելու, շարժումը ջլատելու համակարգված գործողություններ են կատարվում: Բնականաբար՝ այդ ամենը Բաղրամյան 26-ի ձեռքի գործն է»,- ասում է նա: Իսկ այս պահին «Նոր Հայաստան» շարժման անդամները ճշգրտում և մշակում են հետագա անելիքները, որոնք պատրաստվում են ներկայացնել հունվարի 22-ին Ազատության հրապարակում հրավիրված հավաքի ժամանակ: