Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ահաբեկչություն՝ քաղաքական ամբողջ դաշտի նկատմամբ»

Քաղաքականություն
d2eac1efa26e0ac9fc6ab3559fb027d7

ԱԱԾ գործողությունները «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի եւ ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանի նկատմամբ, «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը որակեց որպես ահաբեկչություն՝ քաղաքական ամբողջ դաշտի նկատմամբ: Նշենք, որ Գառնիկ Մարգարյանն ու Վլադիմիր Առաքելյանը ձերբակալվել են 2014թ. նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում հայտնաբերված հանցավոր խմբին անդամակցելու մեջ կասկածանքով: Ավելի վաղ, այս գործի շրջանակներում կալանավորվել է նաեւ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: «Ա1+»-ի հետ զրույցում Պետրոս Մակեյանը նկատեց՝ 3-րդ ամիսն է՝ այդ գործով ձերբակալություններ են կատարվում ու, ԱԱԾ տեղեկատվությամբ, ապրիլից վերահսկել են զինված այդ խմբի գործունեությունը. «Այդ մարդիկ, ազատության մեջ լինելով, հանդիպել են տարբեր անձանց հետ, եւ այդ հանդիպումների արդյունքում մարդիկ դարձել են պոտենցիալ «հանցակիցներ»: Նա չբացառեց, որ ձերբակալությունները կշարունակվեն. «Եւ Գառնիկ Մարգարյանը, եւ Վահան Շիրխանյանը, եւ Խաչիկ Ավետիսյանը, եւ Վլադիմիր Առաքելյանը, հայրենասեր մարդիկ են եղել ու այսօր էլ են այդպիսին: Տարբեր քաղաքական ֆորմատներով նրանց հետ հանդիպել եմ ու նրանց հիմնական խնդիրը եղել է երկրում հաստատել օրենքի իշխանություն, ժողովրդավարություն: Հիմա նրանց դարձնում են ահաբեկիչ, դա տրամաբանական չէ՝ իմանալով այդ մարդկանց»: Պետրոս Մակեյանի խոսքերով՝ մյուս կողմից մեր հասարակությանն այդ վիճակին հասցրել է իշխող վարչախումբը. «Քանի որ նրանք ոչ մի ճանապարհ չեն թողնում: Եթե իշխանափոխության դասական մոդելը՝ ընտրությունը բացառված է, գոյություն չունի, կիրառում են ուժային մեթոդներ՝ բանակն ու ոստիկանությունը, բնականաբար, կլինեն մարդկանց խմբեր, որոնք կսկսեն նաեւ այդ ուղղությամբ մտածել»: Տեղի ունեցել «Հայաստան» ժողովրդական նախաձեռնության հերթական նիստը, որին մասնակցել է նաեւ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունը: Նիստին մասնակցել է կուսակցության փոխնախագահը: Նիստին քննարկվել է ձերբակալվածների հարցն ու ինֆորմացիայի փոխանակում է եղել: «Որեւէ որոշում ընդունել հնարավոր չի եղել, քանի որ ի՞նչ որոշում ընդունեն, երբ ինֆորմացիա չունեն՝ ինչ է կատարվում»,- նշեց Պետրոս Մակեյանը: