Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միրիջանյանին հրահանգվել է վերեւներից, մասնավորապես Սերժ Սարգսյանից» (տեսանյութ)

Քաղաքականություն
zaven-mirijanyan

«Մեղավոր եմ ճանաչում, զղջում եմ արածիս համար, դատարանից խնդրում եմ մեղմ պատիժ»,- այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերջին խոսքով հանդես եկավ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը Հայ ազգային կոնգրեսի անդամ Վարդան Հարությունյանին կաշառելու  փորձ իրականացրած Երեւանի քաղաքապետարանի աշխատակից Զավեն Միրիջանյանը: Նրա պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանն էլ նշեց, որ Զավեն Միրիջանյանի խնամքին գտնվող 3 երեխաները, ինչպես նաեւ կինը առողջական խնդիրներ ունեն: Իր պաշտպանյալի մոտ եւս ախտորոշվել է շաքարային դիաբետ, սրտի հիվանդություն: Ուստի դատավոր Մնացական Մարտիրոսյանից խնդրեց իր պաշտպանյալի նկատմամբ նշանակել փորձաշրջան 1 տարի ժամկետով, կամ նրա նկատմամբ դրսեւորելով մարդասիրական վերաբերմունք, նշանակել առավել մեղմ պատիժ՝ տուգանք: Այսօր դատական նիստին մասնակցում էր նաեւ գործով վկա Վարդան Հարությունյանը: Նա դատարանին խնդրեց իրեն գործով ներգրավել որպես տուժող: Սակայն դատավորը մերժեց միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ արդեն դատական վիճաբանությունների փուլ է: Հիշեցնենք, որ Զավեն Միրիջանյանը, Վարդան Հարությունյանին առաջարկել էր 100 հազար դրամ: Վարդան Հարությունյանը համոզված է, որ Զավեն Միրիջանյանին պատժելով կամ չպատժելով ոչ մի հարց չի լուծվում: «Խնդիրը ավելի խորքային է: Ամենայն հավանականությամբ, Զավեն Միրիջանյանը չի գործել միայնակ: Նրան հրահանգվել է վերեւներից, մասնավորապես Սերժ Սարգսյանից»,- ասաց նա: ՀԱԿ անդամը չի կարծում, որ տուգանքը բավարար պատիժ կլինի Զավեն Միրիջանյանի համար: «Ընդհակառակը, պետք է քննեին եւ բացահայտեին արդյո՞ք այդ գումարը որտեղի՞ց Զավեն Միրիջանյանին, արդյոք նրան ո՞վ է հանձնարարել կաշառել, արդյոք հանձնաժողովի այլ անդամների չի կաշառե՞լ կամ կաշառման փորձ չի արե՞լ: Գործով վճիռը կհրապարակվի 16.30-ին: