Օմբուդսմենի նախընտրելի թեկնածուն ո՞վ է. վերջին խոսքը խորհրդարանինն է (տեսանյութ)
Մարդու իրավունքների առաջին պաշտպանը Լարիսա Ալավերդյանն էր, նրան 2004-ի մարտի 1-ին նշանակեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա առաջին փորձաքարը 2004-ի ապրիլի 12-ի դեպքերին տրված արձագանքն էր: Նախագահի հրաժարականը պահանջողների հանդեպ կիրառվեցին այդ ժամանակների համար աննախադեպ բռնություններ եւ ձերբակալություններ: Պաշտպան Լարիսա Ալավերդյանն այդ առթիվ հայտարարեց՝ բացառությամբ առանձին մանր-մունր կոմպոնենտների, մնացյալ ամեն ինչը օրենքի շրջանակներում է: Ձերբակալվածներից ոչ մեկին տիկին Ալավերդյանը քաղաքական բանտարկյալ չհամարեց: 2005-ի մայիսին ձերբակալվում է պաշտպանի գրասենյակի աշխատակազմի մասնագետ Սերոբ Անտինյանը: «Ուզում են փոխել ինձ»,-մայիսի 31-ին բառացիորեն հայտարարում է տիկին Ալավերդյանը: Ու՞մ ոտքը եւ ինչպե՞ս էր տրորել տիկին Ալավերդյանն այդպես էլ պարզ չդարձավ: Մեկ տարի հետո տիկին Ալավերդյանը դադարեց լինել Մարդու իրավունքների պաշտպան: Հաջորդ պաշտպանն ուղղակիորեն Ռոբերտ Քոչարյանի կադրն էր: Այս մարդու առաջին ամենախոշոր փորձությունը 2008-ի մարտի 1-ն էր: «Ոստիկանությունը համաչափ չի գործել»,-մարտի 1-ի մասին ասում է պաշտպանը: Ռոբերտ Քոչարյանը նրան հռչակում է որպես ամենաանհաջող կադր: 2009-ին Հայաստանում նախորդ տարվա մարդու իրավունքների վիճակի մասին պաշտպանի հրապարակած տարեկան զեկույցից դժգոհում է իշխող Հանրապետականը: Ընդդիմությունն էլ է դժգոհ՝ զեկույցից չի երեւում, որ իշխանությունը մեղավոր է մարդու իրավունքների վատ վիճակի համար Նույնքան խնամքով, որքան մարդու իրավունքների վիճակն է, պաշտպանը պատճառաբանում է, թե ինքն ինչու քաղաքական պատճառներով ձերբակալվողին չի անվանում քաղբանտարկյալ. <Որովհետեւ ես քաղաքական հարթության մեջ չեմ գործում, դա քաղաքական հարթության կատեգորիա է>: Մինչեւ 2011-ի փետրվարի 2-ի իր հրաժարականը օմբուդսմենն այլեւս չի անհանգստացնում իշխանություններին: Ավելի ուշ մի հայտարարությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ապագա դատավորը, որն այդ պահին ՄԱԿ-ի աշխատող է, հստակորեն հասկացնում է, որ Հայաստանն իր պետությունը չէ. <Անկախ նրանից ես կընտրվեմ, թե կմնամ ՄԱԿ-ում, ես Հայաստան վերադառնալու որեւէ նպատակ մտադրություն չունեմ եւ արդեն իմ ընտանիքի անդամներն էլ են մեկնում>: Հաջորդ պաշտպանը Կարեն Անդրեասյանն էր, նա եկավ սրբագրելու մի քանի ընդունված ընկալումներ. <Սփյուռքի տարբեր համայնքներում ես լսում եմ էսպիսի առասպելներ, որ Հայաստանում գոյություն ունի տնտեսական ռեկետ, պետական թալան, բիզնեսները խլում են: Սրանք ստեր են>: Նոր պաշտպանի աշխատանքն առայժմ չի ստացվում դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ: Սակայն աշխատանքի 4 տարիների ընթացքում հրապարակային ոչ մի նշան չկա, որ օմբուդսմենի գլխին ամպեր են կուտակվում: Մինչեւ խորհրդարանում չի հնչում այս ելույթը: Մամուլն անմիջապես նկատում է, որ Սամվել Ֆարմանյանը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մտերիմներից է, որի միջոցով էլ իջեցվել է պատվերը: Օմբուդսմենը համարվում է պարոն Մինասյանի եղբոր ընկերը, որի հետ Վատիկանի դեսպանի հարաբերությունները հարթ չեն: Օմբուդսմենն այս շղթան չի հերքում: Երկու ամիս հետո հրաժարական է տալիս: Այսօր արդեն հնչում են օմբուդսմենի նոր թեկնածուների անուններ: ՀՀԿ-ին ամենամոտը կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացին գիտի գրեթե բոլոր թեկնածուներին: Ամենանախընտրելին նրա համար Առաքել Մովսիսյանն է: Սակայն վերջին խոսքը խորհրդարանինն է: Ավոլին՝ տեսանյութով